
Կայացվել է եզդիների ցեղասպանության հարցով առաջին դատավճիռը. դատապարտվածը ԻՊ-ի նախկին անդամ է
Գերմանիայի դատարանը, եզդիների ցեղասպանության մեղադրանքով, ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին անդամ իրաքցի Թահա ալ Ջումայիլիին։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ֆրանկֆուրտում կայացած դատական գործընթացը դարձել է առաջին նման դատավարությունը, իսկ ալ Ջումայիլին ԻՊ-ի առաջին անդամը, որը դատապարտվել է եզդիների դեմ իրականացրած հանցագործության համար։
Նա մեղավոր է ճանաչվել եզդի հնգամյա աղջկա սպանության մեջ, որին նա գնել և 2015 թվականին ստրկացրել էր՝ որոշ ժամանակ շղթայակապ պահելով, իսկ հետո թողնելով, որ ծարավից մահանա։ Մյուս մեղադրանքների թվում էին ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանությունն ու թրաֆիքինգը։ Դատավճռի հրապարակման ժամանակ մեղադրյալն ուշագնաց է եղել։
Ալ Ջումայիլին 29 տարեկան է։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ նա 2013 թվականին համալրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը և իրականացրել մի շարք գործողություններ՝ Ռաքքայից, մինչև Իրաքի մի քանի շրջաններ։
2015 թվականին Ալ Ջումայիլին եղել է այն խմբերի կազմում, որոնք գրավել էին Իրաքի հյուսիսային հատվածները, որտեղ պատմականորեն բնակվում են եզդի էթնիկ փոքրամասնությունը։ Հազարավոր եզդի տղամարդիկ սպանվել էին, շատերին մահապատժի ենթարկել՝ տեսանկարահանելով այդ ամենը։ Կանայք և երեխաները գերեվարվել էին և պարբերաբար ենթարկվել սեռական բռնության ու ստրկական աշխատանքի։
2019 թվականին Թահա ալ Ջումայիլին ձերբակալվել էր Հունաստանում և արտահանձնվել Գերմանիային, որտեղ հայտնվել էր քրեական հետապնդման մեջ՝ համընդհանուր իրավազորության միջազգային-իրավական սկզբունքի հիման վրա։ Այդ սկզբունքը ենթադրում է, որ մի քանի հանցագործությունների համար մարդը կարող է դատապարտվել ցանկացած երկրի ազգային դատարանի կողմից, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է կատարվել այդ հանցագործությունը։
Նրա գերմանուհի կինը՝ Ջենիֆեր Վենիշը, որն ամուսնու հետ միասին գտնվում էր Իրաքում, հոկտեմբերին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար։ Մասնավորապես, դատավճռում նշվում էր, որ նա ոչինչ չի ձեռնարկել եզդի հնգամյա աղջկա փրկության համար, որը ստրկուհու կարգավիճակով պահվում էր իրենց տանը։
Մեղադրական կողմի վարկածով՝ աղջիկը և նրա մայրը՝ Նորան մեղադրյալի կողմից ստրուկների շուկայից գնվել էին 2015 թվականի մայիս-հունիս ամիսներին և տեղափոխվել Իրաքի Ֆալուջա քաղաք, որտեղ ընդհուպ մինչև 2015 թվականի սեպտեմբերը ենթարկվել անմարդկային վերաբերմունքի։ Թահա ալ Ջումայիլին ամեն անգամ երկուսին էլ պատժել է, երբ աղջնակն ակամա միզել է ներքնակի վրա, որի վրա քնում էր մոր հետ։
Նորայի համար նախատեսված պատիժներից մեկը եղել է 50 աստիճան տապի պայմաններում երկար ժամանակ արևի տակ մնալը, որի արդյունքում կինը տառապում էր մարմնական այրվածքներից։ Նրա դուստրը մահացել է ջերմային հարվածից ու ծարավից այն բանից հետո, երբ երկար ժամանակ գամված է եղել բաց պատուհանին:
Փաստաբանների խմբին, որոնք դատարանում ներկայացնում էին աղջկա մոր շահերը, միացել էր նաև դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին։ Ալ Ջումայիլիի կնոջ դատավճռի հրապարակումից հետո՝ Ամալ Քլունին հույս է հայտնել, որ Գերմանիայի օրինակը մյուս երկրներին կստիպի ավելի շատ ջանքեր գործադրել այն բանի համար, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները և նրանց հանցագործությունները կիսող հարազատները կանգնեն արդարադատության առաջ։
2014 թվականին Իրաքի հյուսիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումն ավարտվեց եզդի ժողովրդի զանգվածային ցեղասպանությամբ։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների համար, որոնք սուննի իսլամի ծայրահեղ հետևորդներ են, եզդիները հեթանոս են։ Մինչև 2014 թվականն Իրաքի հյուսիսում բնակվող 550 հազար եզդիներից մոտ 360 հազարը լքել են երկիրը և դարձել փախստական։ ՄԱԿ-ն այդ ջարդերը ճանաչել էր որպես ցեղասպանություն։
Լուսանկարը՝ EPA/FRANK RUMPENHORST / POOL
Մեկնաբանել