
Ն․ Փաշինյան, «Կորոնավիրուսի թվերի էական անկում կա»
Կորոնավիրուսի թվերի էական և լուրջ անկում կա։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 25-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ դպրոցական արձակուրդների մի շաբաթով երկարացումը որոշակի դեր է խաղացել, բայց ազդեցություն են ունեցել նաև պատվաստումները։
«Ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 000-ի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 000-ի շեմը, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը չպետք է թուլացնի, քանի որ վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում։ Ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք և իրավիճակի վրա լիարժեք հսկողություն սահմանենք»։
Առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը նոյեմբերի 14-ի դրությամբ՝ 923 500 է, ըստ Փաշինյանի՝ չկա հիշատակման արժանի ոչ մի բարդության դեպք։
Վարչապետը նաև անդրադարձավ կորոնավիրուսից արձանագրված մահերի թվերի տարբերությանը․ «Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է քովիդի մահվան տվյալներ, որոնք Առողջապահության նախարարության նախկինում հրապարակած տվյալների հետ ունեն որոշակի շեղում և այս առումով նշանակված է քննություն, որպեսզի պարզ լինի՝ ինչն է մահերի վիճակագրության տարբերությունը։ Մոտավորապես 700-ի տարբերություն ունենք»,- հայտնեց Փաշինյանը։
Սակայն, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, կորոնավիրուսից մահացածների թվի տարբերությունը ոչ թե 700 է, այլ՝ 1000-ից ավելի։
Մեկնաբանել