
77 մլն դրամ հավելավճար՝ ատեստավորված 515 ուսուցչի համար
515 ատեստավորված ուսուցչին հավելավճար տրամադրելու համար Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում որոշեց 77 մլն դրամ հատկացնել։
Սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգում՝ 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
Հայտ ներկայացրած 1372 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը և կստանան 30-50% հավելավճար, սակայն գումարը հաշվարկվել է 10%-ի շեղումով՝ 515 ուսուցչի համար, քանի որ եղել են բողոքարկումներ:
Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ հավելավճարները հաշվարկվել են միջին աշխատավարձի (125 000 դրամ) հիման վրա, սակայն վճարումները իրականացվելու են փաստացի աշխատավարձերի հիման վրա, որոնք ներկայում ճշտվում են:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ 2022 թ.-ի պետական բյուջեով ուսուցիչների ատեստավորման արդյունքում ձևավորվող հավելավճարների համար նախատեսված է 1,3 մլրդ դրամ։
«Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքով կստանա հավելավճար»,- նշեց նախարարը:
Բացի այդ, Կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանները նորոգելու և գույքով ապահովելու համար կհատկացվի շուրջ 254 մլն դրամ։
Մեկնաբանել