
Ալեքսեյ Օվերչուկ. «Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկվում»
Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման հարց, որն իրար կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը, չի քննարկվում։ Այս մասին Երևանում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ո՛չ, չի քննարկվում։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մեծացմանը։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը շարունակվում է։
Կողմերը միտված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ապաշրջափակումը, տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումն ու վերականգնումը թույլ կտա նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ընդլայնման և ավելացման համար»,- նշել է ռուս պաշտոնյան։
Հիշեցնենք, որ նախօրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» (իր բառերով՝ «Նախիջևանյան միջանցքը») կարող է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր չէ Նախիջևանյան միջանցք տրամադրել, մյուս կողմից նշում, որ ուզում է ինձ հետ հանդիպել։ Եթե նա ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Թուրքիան բաց է բանակցությունների համար, սակայն հանդիպման կազմակերպման համար, զրուցակիցը պետք է ցուցաբերի դրական մոտեցում»,- նշել էր Թուրքիայի նախագահը։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել