
Ջեյհուն Բայրամով. «Բաքուն Երևանից դեռ պատասխան չի ստացել»
Ադրբեջանական կողմը դեռևս պատասխան չի ստացել Երևանից՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանական կողմը հանդես է եկել սահմանազատման գործընթացը սկսելու առաջարկով և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները: Ցավոք, մենք հայկական կողմից դեռ չենք տեսնում արձագանք՝ բարի կամքի այս քայլերին»,- նշել է Բայրամովը։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ Երևանի դիրքորոշումը վնասում է ոչ միայն տարածաշրջանի խաղաղությանն ու առաջընթացին, այլև հենց Հայաստանին։
«Կարևոր է, որ բոլորը հասկանան, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար նոր բան հորինելու կարիք չկա: Կա մի շատ պարզ բանաձև` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանում: Ադրբեջանը հավատարիմ է հենց այս դիրքորոշմանը»,- հավելել է Բայրամովը։
Արդեն մի քանի օր է իրավիճակը որոշակիորեն լարված է հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Երասխի հատվածներում։ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել