
«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածուն ժամը 14:00-ից ընտրատեղամասում էր
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Նարինե Խաչատրյանը քվեարկելուց հետո մնացել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/8 ընտրատեղամասում: Նա ավելի քան երեք ժամ հետևում էր ընտրական պրոցեսին:
Նա մեղադրում էր հանձնաժողովի անդամներին, որ իրեն չեն տեղեկացրել, որ իրավունք չունի մնալ ընտրատեղամասում:
Նրա հագուստին ամրացված էր պատգմավորի թեկնածուի վկայական, մինչդեռ հանձնաժողովի անդամները կարծել են, թե նա «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուի վստահված անձն է:
Նշենք, որ վերոնշյալ խախտումը նկատել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձ Լիլիթ Ավագյանը:
Հիշեցնենք, որ 190 ավագ դպրոցի միջանցքում 2 ընտրատեղամաս է: Լիլիթ Ավագյանը վստահված անձ էր ոչ այն ընտրատեղամասում, որտեղ արձանագրվել է խախտումը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը պատահաբար է նկատել Նարինե Խաչատրյանի վկայականը:
Նարինե Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում արդարացավ, թե ինքը դիտավորյալ ոչինչ չի արել, ինքը ընտրատեղամասում էր ընտրական պրոցեսը հսկելու համար:
Լուսանկարում՝ Նարինե Խաչատրյանը
Մեկնաբանել