
Էրդողան. «Թուրքիան կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար»
Անկարան կանի իրենից կախված ամեն ինչ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար։ Այդ մասին Շուշիում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով Երևանին համագործակցել «վեցակողմ հարթակի» շրջանակներում։
«Ես Երևանին կոչ եմ անում, վեցակողմ հարթակի շրջանակներում (խմբ. Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան), օգտվել տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Թուրքիան կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար»,- հայտարարել է Էրդողանը։
Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին։ Երկու երկրների առաջնորդները ստորագրել են նաև «Շուշիի հռչակագիրը», որը, ըստ Ալիևի, երկու երկրների հարաբերությունները հասցրել է ամենաբարձր մակարդակի։ Վերջինիս խոսքերով՝ ստորագրված հռչակագիրը անդրադառնում է նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցության հարցերին։
«Համաձայնագիրը հղում է անում Կարսի պատմական պայմանագրին։ Դրանում շոշափվում են համագործակցության ամենատարբեր ոլորտներ»,- նշել է Ալիևը։ Ալիևը նաև հայտարարել է, որ ստորագրված փաստաթղթում հստակ նշված է Զանգեզուրի միջանցքի մասին։ «Այսօր մենք միայն չենք խոսում Զանգեզուրի միջանցքի մասին, որն իրար կկապի Ադրբեջանի ու Թուրքիայի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, բայց և գործուն քայլեր ենք ձեռնարկում»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել է Բաքու։ Հունիսի 15-ին նա այցելել է Շուշի, որտեղ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել