
Գնել Սանոսյան. Կութ գյուղի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա
«Կութ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով այս պահին բնակիչների տարհանման անհրաժեշտություն չկա, միջադեպը տեղի է ունեցել սահմանին մոտ հատվածում, ոչ թե բնակավայրի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հարցին, թե ինչու հայկական կողմը գերի չի վերցնում սահմանը խախտած ադրբեջանցիներին, արդյոք ադրբեջանցիներին գերի չվերցնելու հրաման կա, մարզպետն ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել:
«Տվյալ իրավիճակի հետ կապված` կա Պաշտպանության նախարարություն, Գենշտաբ, զինված ուժեր, և որոշումները կայացվում են այնտեղ: Ակնհայտ է՝ մեր տարածքը խախտել են, ակնհայտ է՝ պետք է դուրս գան, բայց հայկական կողմը, կարծում եմ, դիվանագիտական ճիշտ աշխատանք է անում, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց նա:
Ըստ նրա՝ կառավարության նիստի դռնփակ հատվածում քննարկվել են Գեղարքունիքի և Սյունիքի հետ կապված հարցեր: Գերիների վերաբերյալ բանակցություններ են ընթանում, այլ մանրամասներ մարզպետը չհաղորդեց:
«Իրավիճակը կարող է ավելի լարվել, որովհետև անընդհատ չի կարող այսպես շարունակվել, մարդիկ են, զինվորներ են, նյարդեր են, կարող է ինչ-որ միջադեպ տեղի ունենալ, որն անկանխատեսելի հետևանքների կարող է նաև բերել: Դրա համար ընդամենը մեր կոչը և մեր կողմից արվող աշխատանքը հետևյալն է, որ ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի»,- եզրափակեց Սանոսյանը:
Մեկնաբանել