
Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում վարժանքներ են անցկացրել
Ռուսական և թուրքական զինուժը, որը նախատեսում է Իդլիբի նահանգում մասնակցել միացյալ պարեկությանը, անց է կացրել վարժանքներ, որոնք ուղղված են պարեկային տարբեր գործողությունների մշակմանն ու իրականացմանը։
Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել է, որ Իդլիբի նահանգում պարեկություն չի անցկացվել ավելի քան կես տարի։ «Մեզ անհրաժեշտ է ևս մեկ անգամ մշակել բոլոր խնդիրները։ Ես գիտեմ, որ այստեղ գտնվող բոլոր անձինք փորձառու են։ Բայց մեզ համար կարևոր է հասնել հնարավորինս համակարգված աշխատանքի»,- նշել է նա։
Վարժանքների ընթացքում ռուս և թուրք զինծառայողները մշակել են շարասյունով տեղաշարժման կարգը, դրա վրա հնարավոր հարձակման սցենարները և վիրավորների տարհանումը, ինչպես նաև տեղաշարժն այն հատվածներում, որտեղ հավանական են գրոհայինների դարաները: Զինծառայողներին լեզվական արգելքը հաղթահարելուն օգնում է ազդանշանների հատուկ համակարգը, որոնք շարժման ընթացքում ցույց են տալիս ավտոմեքենաների լուսավորման սարքերը:
Իդլիբի նահանգը ներկա պահին Սիրիայի միակ շրջանն է, որտեղ շարունակվում է խախտվել հրադադարի ռեժիմը։ Ռուս-թուրքական միացյալ պարեկությունն այստեղ դադարեցվել էր կես տարի առաջ։
Ռուսական կողմից պարեկությանը, որպես կանոն, մասնակցում են БТР-82А զրահափոխադրիչները և ռազմական ոստիկանության «Тигр» զրահապատ ավտոմեքենաները, իսկ թուրքական կողմից՝ «Kirpi» զրահափոխադրիչները։
2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, ստորագրել էին Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման միացյալ գործողությունների հուշագիր։ Համաձայն այդ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիական ուժերը մտցվել էին թուրքական անվտանգության գոտուն սահմանակից շրջաններ։ Նույն տարվա նոյեմբերի 1-ին ռուսական և թուրքական ուժերը, Եփրատից արևելք ընկած տարածքներում, սկսել են միացյալ պարեկությունը։
Լուսանկարը՝ AP Photo/Baderkhan Ahmad, File
Մեկնաբանել