
Արցախում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը իր առաքելության համաձայն՝ շարունակում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է խաղաղապահ զորախմբի կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը։
Ճեպազրույցը նկարահանվել էր Ստեփանակերտի ռուսական ռազմական դաշտային հոսպիտալում, որտեղ որակավորված բժշկական օգնություն է ցուցաբերվում զինծառայողներին և տեղի բնակիչներին։ Այս պահի դրությամբ այդ հոսպիտալում ռուս մասնագետները օգնություն են ցուցաբերել 26 բնակչի, այդ թվում՝ 4 երեխայի։
Գնդապետ Պերեպյոլկինի խոսքով՝ Մարտակերտում ավարտվել է ռազմական երկրորդ հոսպիտալի տեղակայումը, որն արդեն իսկ սկսում է ռուս խաղաղապահների և մոտակա բնակավայրերի բնակիչների բժշկական օգնության ապահովումը։ Արդեն իսկ բուժօգնություն է ստացել 558 մարդ, որոնցից 67-ը՝ երեխա։
Ռուսական կողմի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ Արցախ է վերադարձել 40 հազար բնակիչ, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղապահներն աշխատում են նաև էլեկտրամատակարարման աշխատանքների վրա, և ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, և դրա համար վերանորոգվել են 18 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 50 էլեկտրասյուներ։ Վերականգվել է 24 բնակավայրի էլեկտրաէներգիա՝ ընդհանուր 12 հազար բնակչով։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները պայթուցիկ նյութերից մաքրել են 195 հեկտար տարածք և 60 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և ոչնչացվել է 6 000 պայթյունավտանգ առարկա։
Շարունակվում են նաև նաև ռազմական գործողությունների հատվածներում մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքները։
Մեկնաբանել