Ռուս ռազմական բժիշկները Ստեփանակերտում սկսել են պացիենտների ընդունելությունը
Ռուսաստանի զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Ստեփանակերտում սկսել է սպասարկել տեղի բնակչությանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Օրվա ընթացքում ռուսական ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 տեղացիների։ Խորհրդատվությունը, զննումը և մասնագիտացված բժշկական օգնությունը ցուցաբերվել է թերապևտների, վիրաբույժների և պրոֆիլային այլ մասնագետների կողմից»,- նշել է ռուսական ռազմական գերատեսչությունը։ Բացի այդ, ռուս անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի իրենց գործընկերներին՝ ծանր առողջական վիճակ ունեցող պացիենտների բուժման գործընթացում։
ՌԴ ԶՈւ Արևելյան օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատն ավելի վաղ Խաբարովսկից Հայաստան էր տեղափոխվել ԻԼ-76 ինքնաթիռներով։ Ջոկատի կազմում ներգրավվել են ավելի քան 60 բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ Александр Рюмин/ТАСС
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել