
Մայա Սանդուն ընտրվել է Մոլդովայի նախագահ
Մոլդովայի նախկին վարչապետ և եվրոպամետ «Գործողությունների և համերաշխության կուսակցության» առաջնորդ Մայա Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Համաձայն Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Սանդուն ստացել է ձայների 57,75 %-ը, իսկ նրա մրցակից, գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 42,25 %-ը։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 52,78 %-ը, այսինքն` մոտ 1,62 միլիոն ընտրող։ Ընդ որում, ընտրություններին հիմնականում մասնակցել են միջինից բարձր տարիք ունեցող քաղաքացիները։ Օրինակ, ընտրություններին մասնակցած քաղաքացիների 32 %-ը 56-70 տարեկան անձինք են, իսկ, օրինակ, 18-25 տարեկանները՝ ընդամենը 8 %։
Մայա Սանդուի քարոզարշավն անցել է «Լավ մարդկանց ժամանակն է» կարգախոսի ներքո։ Բազմաթիվ տեսահոլովակներում և սոցիալական ցանցերի գրառումներում Սանդուն «լավ մարդկանց կոչ է արել միավորվել» և միասին կառուցել Մոլդովայի եվրոպական ապագան, առանց օլիգարխների և կոռուպցիայի։ Նոյեմբերի 12-ին Սանդուն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ուղերձով դիմել էր երկրի ռուսալեզու բնակչությանը և նշել, որ իր հաղթանակի պարագայում չեն փակվի ռուսական դպրոցները և չի նվազեցվի ռուսերենի դերը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 1-ին Մոլդովայում կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում էր ութ թեկնածու։ Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեին Ռենատո Ուսատիի, Անդրեյ Նեստասեի, Թուդոր Դելիուի, Իգոր Դոդոնի, Վիոլետա Իվանովի, Մայա Սանդուի, Օկտավիան Ցիկուի և Դորին Կիրտոակեի միջև: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50 %-ը, սակայն առաջին փուլում դա չէր հաջողվել ոչ մեկին։ Առաջին փուլի արդյունքներով Իգոր Դոդոնը և Մայա Սանդուն անցել էին ընտրությունների երկրորդ փուլ։
Լուսանկարը՝ AFP via Getty Images
Մեկնաբանել