Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել
Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել մինչև 2021 թվականի փետրվարի 16-ը։ Հոկտեմբերի 24-ին վիճելի օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, իսկ դեմ՝ 35-ը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Սպասվում է, որ հոկտեմբերի 28-ին արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման օրենսդրական նախագիծը կքննարկի նաև Ֆրանսիայի Սենատը։ Վերջնական քվեարկությունը նախատեսված է իրականացնել նոյեմբերի սկզբին։
Խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունից առաջ՝ խորհրդարանականների առջև ելույթ է ունեցել Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերան։ Նա իր ելույթում ընդգծել է երկրում համաճարակային իրավիճակի լրջությունը։ Հոկտեմբերի 23-ին Ֆրանսիան դարձավ Իսպանիայից հետո ԵՄ անդամ երկրորդ պետությունը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։
Հոկտեմբերի 24-ի տվյալներով՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակման ցուցանիշների հերթական հակառեկորդը։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը հասել է 45 422-ի, իսկ մահացել է 138 մարդ։ Նույն ժամանակահատվածում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում եղել է կորոնավիրուսով հիվանդ մոտ 2500 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 34 645 հիվանդ։
Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում Ֆրանսիայի կառավարությունը հնարավորություն է ստանում օպերատիվ կերպով ներդնել վիրուսի դեմ պայքարի նոր մեխանիզմներ, ինչպես օրինակ, պարետային ժամ, մասնակի կամ ամբողջական լոքդաուն և այլն։
2020 թվականի մարտի վերջին Ֆրանսիայում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ, որը ձգվել է մինչև հուլիս ամիս։ Հոկտեմբերի 15-ին, մեկ ամիս ժամկետով, Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր արտակարգ դրություն, սակայն դրա ժամկետների երկարաձգման համար, անհրաժեշտ է խորհրդարանի որոշումը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտակարգ դրության երկարաձգմանը՝ նշելով, որ դրանով սահմանափակվում են քաղաքացիների իրավունքները։
Լուսանկարը՝ REUTERS/GONZALO FUENTES
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել