HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիան խստացնում է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Չեխիայի իշխանությունները երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով որոշել են փակել բոլոր խանութները, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներից։ Այդ մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Չեխիայի առողջապահության նախարար Ռոման Պրիմուլան։ Սահմանափակումները կգործեն մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ։

«Փակվում են խանութները, բացառությամբ, իհարկե, առաջին անհրաժեշտության պարագաներ վաճառող խանութների։ Առևտրի կենտրոններում բաց կմնան միայն այն խանութները, որոնք վաճառում են սնունդ, ախտահանման և տնտեսական ապրանքներ, ինչպես նաև դեղատները»,- նշել է նա։

Որոշումն ընդունվել է Չեխիայի կառավարության կողմից՝ ելնելով հանրապետությունում համաճարակային իրավիճակի վատթարացումից։ Իշխանությունները գործատուներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի, որպեսզի բացառվի անձնական շփումներն աշխատավայրերում։

Չեխիայի իշխանությունները նաև սահմանափակել են հանրապետության տարածքում մարդկանց տեղաշարժը։ Կթույլատրվի տնից դուրս գալ և օգնություն տրամադրել բոլոր այն հարևաններին, որոնք չեն կարողանա գնալ խանութներ։ Կթույլատրվի նաև անասնաբույժերին այցելելը, ինչպես նաև անհատապես կամ ընտանիքի մյուս անդամների հետ միասին քաղաքից դուրս և քաղաքային այգիներում զբոսնելը։ Սահմանափակումների տակ չեն մտնի նաև անհետաձգելի գործուղումները, որոնք կապված են մասնագիտական և աշխատանքային խնդիրների լուծման հետ։ Կառավարությունը չեխերին չի արգելել նաև մասնակցել հարսանիքներին և թաղման արարողություններին։

Ինչ վերաբերում է հանրային սննդի օբյեկտներին, ապա, ըստ առողջապահության նախարարի, բաց կմնան միայն ծառայողական ճաշարանները, որոնք սպասարկում են բժիշկներին և կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին գծում կանգնած մյուս մասնագետներին։ 

Վերջին մեկ օրվա ընթացքում Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 984 նոր դեպք։ Երկիրը, յուրաքանչյուր 100 000 բնակչին բաժին հասնող հիվանդների քանակով, առաջինն է ողջ Եվրամիության տարածքում։ Նախորդ օրվա հետ համեմատած, նոր դեպքերի թիվը 3908-ով ավելին է։ Նախորդ հակառեկորդը Չեխիայում գրանցվել էր հոկտեմբերի 17-ին, երբ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր կորոնավիրուսի 11 105 նոր դեպքերի մասին։

Կորոնավիրուսի համավարակից ի վեր 10,7 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 193 946 դեպք։ Առավել բարդ է իրավիճակը Զլին, Պրոստեև և Ուգերսկ-Գրադիշտե քաղաքների շրջաններում, Պլզենում և Պրահայում։ Կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, մահացել է 1 619 պացիենտ։ Ապաքինվել է 79 108 մարդ։ Ներկայումս բուժում է ստանում 113 219 պացիենտ, որը համաճարակային ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է Չեխիայում։ Հոսպիտալացվածների թիվը հասել է 4 064-ի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Ծանր է նրանցից 634-ի վիճակը։

Չեխական իշխանությունները սոցիալական սահմանափակումները խստացրել են հոկտեմբերի 14-ից։ Հանրապետությունում փակ են դպրոցները, ռեստորանները, բարերը, ակումբները և սպորտային օբյեկտները։ Հոկտեմբերի 21-ից խստացվել է նաև դիմակների կրման կարգը, ինչի արդյունքում դրանց կրումը փողոցներում դարձել է պարտադիր։

Լուսանկարը՝ praguemorning.cz-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter