
Լավրովը և Զարիֆը ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գրոհայինների մասնակցության վտանգը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից գրոհայինների ներգրավման վտանգը։ Այդ մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Մոսկվան և Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ։ Ընդգծվել է Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման վտանգը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս համատեքստում նախարարները կարևորել են, որ հիմնախնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք, որի սկիզբը պետք է լինի առանց նախապայմանների կրակի դադարեցումը։ Կողմերը պայմանավորվել են պահպանել հետագա շփումները։
Ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն իր մտահոգությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համատեքստում Անդրկովկասը ահաբեկչական կազմակերպությունների անդամների զինադաշտի վերածման հնարավորության վերաբերյալ:
«Ղարաբաղում թեժացող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է միջազգային տարբեր ահաբեկչական կառույցների զինյալներին։ Մեզ չի կարող չմտահոգել այն, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր զինադաշտ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարակից պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- հայտարարել էր Նարիշկինը:
Նարիշկինը հավելել է, որ ԱՀԾ-ում առկա տեղեկատվության համաձայն՝ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները, մասնավորապես` «Ջաբհաթ ան-Նուսրա-ի, «Ֆիրքաթ ալ-Համզա»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումները, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում: Նա շեշտել է, որ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել ղարաբաղյան նոր պատերազմում:
Լուսանկարը՝ vestikavkaza.ru-ից
Մեկնաբանել