
Վրաստանի նախագահը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների կազմակերպման պատրաստակամության մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններ, որոնք կարող են անցկացվել ցանկացած ֆորմատով։
«Ես ուզում եմ դիմել երկու երկրների նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է շուտ նրանց միջև վերականգնվի երկխոսությունը և դեէսկալյացիայի ու կրակի դադարեցման կոչ եմ անում։ <...> Մենք պատրաստ ենք այս երկիրը, Թբիլիսին, դարձնել վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություն։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչը կցանկանան կողմերը»,- հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զուրաբաշվիլին, որը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Վրաստանի նախագահը դիմել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում նրանց դերը մեծ է։ Նա նաև խնդրել է Եվրամիությանը միջամտել տեղի ունեցողին և նպաստել կրակի դադարեցմանը, քանի որ Կովկասի երեք երկրները հանդիսանում են «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցներ։
Լուսանկարը՝ sova.news-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել