
Վարդան Տողանյան. Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն բոլոր տարբերակները քննարկվում են։ Այդ մասին «ТАСС» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը, հարվածներ հասցնելով Հայաստանի տարածքին, ցանկանում է մեզ ներքաշել հերթական սադրանքների մեջ։ Իրավիճակը վերահսկողության տակ է, բոլոր տարբերակները քննարկվում են։ Ներկա պահին ՀԱՊԿ-ին դիմում չի ներկայացվել, սակայն բոլոր տարբերակները դիտարկվում և քննարկվում են»,- նշել է Տողանյանը։
ՌԴ-ում ՀՀ դեսպանի խոսքերով՝ կկիրառվի «քաղաքական ամբողջ զինանոցը»։ Նա նշել է, որ նախորդ գիշերն իրավիճակն անհանգիստ է եղել։ «Շփման գծի ողջ երկայնքը ինտենսիվ հրետանային կրակի տակ է եղել, կիրառվել են տարբեր տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն արձակվել են նաև Մարտակերտի և Ստեփանակերտի ուղղությամբ։ Առավոտյան անօդաչու թռչող սարքը Հայաստանի Վարդենիս քաղաքի մոտ կրակ է արձակել քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ»,-հավելել է Տողանյանը։
Լուսանկարը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք էջի
Մեկնաբանել