Բեռլինում մտահոգ են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճով
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը մտահոգ է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի էական աճով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Սեպտեմբերի 19-ին նախարարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ներկայում գերմանական առողջապահական համակարգը կարողանում է կառավարել իրավիճակը, սակայն Եվրոպայում իրադարձությունների զարգացումը անհանգստացնող է։
Fast 2300 #COVID19-Neuinfektionen sind Tages-Höchstwert seit April. Aktuell kann unser Gesundheitssystem gut mit der Situation umgehen, aber die Dynamik in ganz #Europa besorgt. Den entscheidenden Unterschied können wir alle im Alltag machen: #AHA
— Jens Spahn (@jensspahn) September 19, 2020
Ընդ որում, նա ընդգծել է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի՝ կորոնավիրուսի վարակման վերջին տվյալները և նշել, որ վարակման գրեթե 2300 նոր դեպքերը ռեկորդային ցուցանիշ են ապրիլից ի վեր։
Իր հերթին Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատների խմբակցության առողջապահության հարցերով փորձագետ Սաբինե Դիտմարը նշել է, որ ներկայում կրկին կորոնավիրուսը մեծապես գրանցվում է տարեց բնակչության շրջանում, և դարձյալ մեծանում են կորոնավիրուսով հոսպիտալացման և կորոնավիրուսից մահացության ցուցանիշները։ «Եվրոպայում և Գերմանիայի մի շարք հողերում մենք այդպիսի իրավիճակի ականատեսն ենք»,- նշել է նա։
Նույն օրը Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի գրեթե 2300 նոր դեպք։ Գերմանիայում համաճարակի գագաթնակետը նկատվել է մարտի վերջին և ապրիլի սկզբին, երբ օրական կտրվածքով հայտնաբերվում էր կորոնավիրուսի ավելի քան 6 հազար նոր դեպք։ Ամռան սկզբին ցուցանիշներն էականորեն նվազել էին, իսկ հուլիսից կրկին սկսեցին աճել։ Օգոստոսին նոր դեպքերի թիվը նորից անցել է 2000-ը։
Գերմանիայում կորոնավիրուսի համավարակից ի վեր, գրանցվել է 272 080 դեպք, մահացել՝ 9466-ը։ Մոտ 243 հազար մարդ պաշտոնապես համարվում է ապաքինված։ Կորոնավիրուսի վերարտադրության ինդեքսը (R) այժմ կազմում է 1,16։ Սա նշանակում է, որ 100 վարակվածներ վարակում են 116 առողջ մարդկանց։
Լուսանկարը՝ John MacDougall/AFP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել