Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել
Կորոնավիրուսի «Спутник V» անվանումը կրող պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը մշակվել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնում, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը։
Ինչպես նշել է Ռուսաստանի առողջապահական գլխավոր գերատեսչությունը, պատվաստանյութն անցել է որակակական բոլոր անհրաժեշտ փորձարկումները Ռոսզդրավնադզորի լաբորատորիաներում։ Առաջիկայում սպասվում է, որ շրջաններ կառաքվեն պատվաստանյութի առաջին խմբաքանակները։
Ռուսաստանում զանգվածային պատվաստումների մեկնարկը կտրվի 2020 թվականի հոկտեմբերից։ Պատվաստումներին զուգընթաց, կիրականացվի պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլը, որին կմասնակցի 40 000 կամավոր։ Դեռ օգոստոսին Մեքսիկան հետաքրքրություն էր ցուցաբերել՝ մասնակցելու պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ռուսական «Спутник V» պատվաստանյութի ստեղծողներն առաջին անգամ «The Lancet» գիտական ամսագրում հրապարակել էին պատվաստանյութի սկզբնական փորձարկման արդյունքները։
Հոդվածից պարզ էր դառնում, որ փոքր ընտրանքի վրա իրականացված պատվաստման արդյունքում անսպասելի և/կամ կողմնակի լուրջ ազդեցություններ չեն հայտնաբերվել։ Պատվաստումից առնվազն 28 օր անց կամավորի մոտ ի հայտ է եկել իմունային պատասխան։ Խոսքը և՛ հակամարմնի, և՛ իմունային համակարգի բջիջների ռեակցիայի մասին է։ Պատվաստված անձի մոտ ոչ միայն ձևավորվել էր կորոնավիրուսի հակամարմին, այլև մեծացել էր, այսպես կոչված, T-բջիջների՝ լիմֆոցիտների պոպուլյացիան, որոնք պայքարում են վիրուսի դեմ։
Հոդվածում նաև նշվում էր, որ պատվաստված կամավորների մոտ ձևավորվել են չեզոքացնող մարմիններ, որոնք ոչ միայն կապվում են վիրուսին, այլև արգելափակում դրա մուտքը բջիջ։ Հետազոտողները պատվաստված անձանց հակամարմինների մակարդակը համեմատել են կորոնավիրուսով վարակված անձանց միևնույն ցուցիչների հետ՝ ընդհանուր առմամբ հետազոտելով Մոսկվայի 4 817 բնակիչների նմուշներ։ Պատվաստված անձանց հակամարմինների միջին մակարդակը եղել է ավելի բարձր, քան վարակվածների մոտ, սակայն չեզոքացնող մարմինների քանակը եղել է ավելի քիչ։
Լուսանկարը՝ REUTERS/Dado Ruvic/Illustration
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել