Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի մշակողներն առաջին անգամ հրապարակել են դրա փորձարկման արդյունքները
Կորոնավիրուսի ռուսական «Спутник V» պատվաստանյութի ստեղծողները, որը մշակվել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնում, առաջին անգամ «The Lancet» գիտական ամսագրում հրապարակել են դրա սկզբնական փորձարկման արդյունքները։ Նմանատիպ ցանկացած պատվաստանյութի համար սա կարևոր քայլ է։
Առաջին հերթին, նմանատիպ ցանկացած հրապարակում ուսումնասիրվում է մյուս գիտնականների կողմից, իսկ դա որոշակիորեն հնարավորություն է տալիս երաշխավորել ենթադրությունների ճշգրտությունը և գիտափորձերի ամբողջականությունը։
Երկրորդ` ողջ աշխարհին արդեն հասանելի են փորձարկումների տեխնիկական կոնկրետ մանրամասները, որոնցից ցանկացած ոք կարող է անել սեփական ենթադրությունները։ Այդուհանդերձ, հոդվածում առկա տեղեկատվության մեծ մասն արդեն իսկ հայտնի էր հետազոտական խմբի ղեկավար Դենիս Լոգունովի հարցազրույցից, որը դեռ հուլիսի 23-ին տվել էր «Meduza»-ին։ «Meduza»-ն փորձել է ամփոփել ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ առկա կարևոր տվյալները։
Այսպես, հոդվածը հրապարակվել է ամենահեղինակավոր բժշկական ամսագրերից մեկում՝ «The Lancet»-ում։ Հոդվածից պարզ է դառնում, որ փոքր ընտրանքի վրա իրականացված պատվաստման արդյունքում անսպասելի և/կամ կողմնակի լուրջ ազդեցություններ չեն հայտնաբերվել։ Պատվաստումից առնվազն 28 օր անց կամավորի մոտ եղել է իմունային պատասխան։ Խոսքը և՛ հակամարմնի, և՛ իմունային համակարգի բջիջների ռեակցիայի մասին է։ Պատվաստված անձի մոտ ոչ միայն ձևավորվում է կորոնավիրուսի հակամարմին, այլև մեծանում է այսպես կոչված T-բջիջների՝ լիմֆոցիտների պոպուլյացիան, որոնք պայքարում են վիրուսի դեմ։
Հոդվածում նաև նշվում է, որ պատվաստված կամավորների մոտ ձևավորվել են նաև չեզոքացնող մարմիններ, որոնք ոչ միայն կապվում են վիրուսին, այլև արգելափակում դրա մուտքը բջիջ։ Հետազոտողները պատվաստված անձանց հակամարմինների մակարդակը համեմատել են կորոնավիրուսով վարակված անձանց միևնույն ցուցիչների հետ՝ ընդհանուր առմամբ հետազոտելով Մոսկվայի 4 817 բնակիչների նմուշներ։ Պատվաստված անձանց հակամարմինների միջին մակարդակը եղել է ավելի բարձր, քան վարակվածների մոտ, սակայն չեզոքացնող մարմինների քանակը եղել է ավելի քիչ։
Հեղինակներն իրենք էլ են խոստովանում, որ կատարված աշխատանքի կարևորագույն սահմանափակումներից մեկը կամավորների երիտասարդ տարիքն է։ Չնայած նախապես նշվել էր, որ դրան կմասնակցեն 18-60 տարեկան անձինք, նրանց միջին տարիքը կազմել է մոտ 25 տարեկան։ Քանի որ պատվաստանյութն առաջին հերթին անհրաժեշտ է տարեց բնակչության համար, ապա այդ տարիքային խմբի վրա իրականացված փորձարկումներն առավել ինֆորմատիվ կլինեին։
Գլխավորը, ինչը պարզ չի դարձել հոդվածից, պատվաստանյութի իրական արդյունավետությունն է։ Այսինքն՝ այն, թե ինչքանով է պատվաստումն օգնում նվազեցնել վարակման ռիսկը և հիվանդության ծանր ընթացքը։ Ռուսական պատվաստանյութի արդյունավետության ստուգման հետազոտությունը կիրականացվի 40 000 մարդու շրջանում, որոնց մի մասը կստանա պլացեբո։։ Ընդ որում, անհասկանալի արդյունավետությամբ պատվաստանյութի զանգվածային կիրառումը պետք է սկսվի արդեն այս տարվա հոկտեմբերին։
Մինչ այժմ չեն հրապարակվել նաև «Спутник V» պատվաստանյութի նախակլինիկական փորձարկման արդյունքները, այսինքն՝ այն փորձարկումների արդյունքները, որոնք իրականացվել են կենդանիների վրա։
Լուսանկարը՝ Dmitry KURAKIN/AFP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել