Սոցիալական գովազդը կազատվի հարկումից․ կառավարությունը մի շարք փոփոխություններ է կատարել
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ի նիստում, մի շարք փոփոխություններ կատարեց՝ գովազդի, ավտոմոբիլային ճանապարհների, տեղական տուրքերի վճարների մասին օրենքներում և հարկային օրենսգրքում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագիծը կարևոր նշանակություն ունի, այն տարածքային համաչափ զարգացման շրջանակներում էական առաջխաղացում է և բխում է Հայաստանի համաչափ զարգացման գաղափարից ու լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է։
Նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդը ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
«Ներկայացված 3 փոփոխությունները, մասնավորապես՝ գովազդի, ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքներում, հարկային օրենսգրքում և տեղական տուրքերի վճարների մասին օրենքում փոփոխությունները միտված են համայքնի ֆինանսական միջոցները մեծացնելու, ինչպես նաև լիազորությունների ապակենտրոնացում ապահովելու համար։ Համայնքների տարածքում հարկերի գանձման լիազորությունը տեղափոխվում է համայնքների դաշտ, և այն ավագանու որոշման շրջանակներում է, և սոցիալական գովազդն ազատվում է հարկերից»- հայտնեց նախարարը։
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում՝ բնակավայրերի սահմանների միջոցով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապարհային հարկի փոխարեն յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանված կարգին և պայմաններին համապատասխան։
Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, բացառությամբ՝ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից։
Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, բացառությամբ՝ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային մակերևույթների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված հարկի 25%-ի չափով։
Եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության համար, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված հարկի 10%-ի չափով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել