HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժը չնչին է»

Հարցազրույց «Մուսավաթ» կուսակցության արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Հիքմեթ Հաջի-զադեի հետ

- ԼՂ հիմնախնդրում բացի հայկական եւ ադրբեջանական կողմերի շահերից ուրիշ ու՞մ շահերն են շոշափվում, որքա՞ն ցայտուն են արտահայտված այլ երկրների աշխարհաքաղաքական շահերն այսօր:

- Նախ՝ հակամարտությունն այս կամ այն չափով առնչվում է տարածաշրջանի բոլոր երկրների ( Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի ) հետ՝ խոչընդոտելով տարածաշրջանում նորմալ համագործակցությանն ու զարգացմանը։ Երկրորդ՝ կարեւոր աշխարհագրական դիրքի պատճառով հակամարտության մեջ դրսեւորվում են նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների շահերը, որոնք ցանկանում են.

ա) օգտվել կասպիական էներգապաշարներից, որոնց նշանակությունը խիստ աճել է արաբական եւ ռուսական նավթի շուրջ լարվածության մեծացմանը զուգահեռ,

բ) վերականգնել Արեւմուտքն Արեւելքին միացնող, այսպես կոչված, «Մետաքսի ճանապարհը»։ Այսինքն՝ Արեւմուտքը ցանկանում է ունենալ անվտանգ տրանսպորտային ուղի, որը, շրջանցելով թշնամական Իրանն ու անկանխատեսելի Ռուսաստանը, կմիացներ Եվրոպան Հնդկական օվկիանոսին եւ Հեռավոր Արեւելքին։ Ինչպես տեսնում ենք, հակամարտությամբ շահագրգիռ կողմերը չափից շատ են։

- Ի՞նչ դեր ունեն աշխարհաքաղաքական երկրները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ի՞նչն է նրանց այսօր, միջազգային հարաբերությունների զարգացման այս փուլում, ավելի ձեռնտու՝ ներկայիս ստատուս-քվոյի պահպանո՞ւմը, թե՞ շուտափույթ կարգավորումը:

- Հարավային Կովկասի համար աշխարհաքաղաքական մրցակցություն կա։ Արեւմուտքը ցանկանում է համագործակցության մեջ ներգրավել տարածաշրջանը, իսկ ապագայում տարածաշրջանի երկրներին ընդգրկել Եվրամիության մեջ։ Եվրոպան Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին արդեն իսկ առաջարկում է համագործակցության ամենատարբեր ծրագրեր, այդ երկրներին ներգրավել է Եվրախորհրդի մեջ, ակտիվորեն առաջ են ընթանում ՆԱՏՕ-ի առաջարկած գործընկերության ծրագրերը։

Իմ կարծիքով' Ռուսաստանին եւ Իրանին ձեռք չի տալիս այդպիսի հեռանկարը։ Նրանք անկարող են հարավկովկասյան շուկայում ազնվորեն մրցակցել Արեւմուտքի հետ։ Հարավային Կովկասին նրանք առաջարկելու բան չունեն նաեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար զարգացման առումով։ Չցանկանալով, որ տարածաշրջանը դուրս գա իրենց ուժային ազդեցությունից, Ռուսաստանը եւ Իրանը շահագրգռված են ներկա ստատուս քվոյի եւ տարածաշրջանում լարվածության պահպանմամբ, ինչը խոչընդոտում է նորմալ զարգացմանը, համագործակցությանը եւ Արեւմուտքի ներթափանցմանը տարածաշրջան։

- Ի՞նչ դեր եւ ներուժ ունի ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր:

- Ցավոք, Մինսկի խմբի ներուժը չնչին է։ Բանն այն է, որ այդ խմբի ստեղծումը հիմնվում էր այն սխալ փիլիսոփայության վրա, թե հակամարտությունը կլուծվի, «եթե Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք իրար հետ համաձայնության գան»։ Եվ այդ սխալ փիլիսոփայությանը համապատասխան' Մինսկի խմբի անդամներն անթիվ-անհամար եւ ապարդյուն ճամփորդություններ են կատարում դեպի այդ երկրներ։ Բայց չէ՞ որ դա երեսպաշտ փիլիսոփայություն է, էլ չեմ խոսում Մինսկի խմբի այն երկրների դիրքորոշման մասին, որոնք ցանկանում են, որ տարածաշրջանում պահպանվի լարվածությունը։ Միջազգային հանրությունը ոչ միայն պետք է խաղաղության կոչ ուղղի Ադրբեջանին եւ Հայաստանին, այլ պիտի լուծի Արեւմուտքի եւ Ռուսաստանի (եւ իհարկե Իրանի) միջեւ առկա հակասությունները։ Ակնհայտ է, որ եթե հարավկովկասյան «խոշոր խաղացողները» կարողանան համաձայնության գալ այն բանում, որ իրենց համագործակցությունը շատ ավելի օգտակար կլինի, քան մրցակցությունը, ապա բանակցային գործերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շատ ավելի հեշտ կընթանան։

- Կա՞ Մինսկի խմբում այս կամ այն երկիրը մեկ ուրիշով փոխարինելու անհրաժեշտություն, ի՞նչ կտա խնդրի քննարկումները ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելը:

- Քանի որ Մինսկի խումբը հակամարտության լուծման իրական գործիք ես չեմ համարում, կածում եմ, որ նրա ինչ-որ անդամների փոփոխությունը ոչ մի բանի չի հանգեցնի։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության քննարկումը ՄԱԿ տեղափոխելուն, ապա հարկ է հիշել, որ, ինչպես եւ Մինսկի խմբում, այստեղ նույնպես ամենակարեւոր խնդիրների վերաբերյալ վերջնական լուծումներն ընդունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները։ Այսինքն՝ եթե Մինսկի խմբի համանախագահ եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամ Ռուսաստանին ինչ-որ լուծում դուր չգա, ապա նա կարող է փակել դրա ճանապարհը։ Բայց Ռուսաստանը կարող է նաեւ կասեցնել ՄԱԿ-ում քննարկելուց հետո առաջ քաշված ցանկացած լուծման նախագիծ։ Ուրիշ բան, որ ՄԱԿ-ում քննարկումը հակամարտությանը միջազգային հնչեղություն կհաղորդի' ստեղծելով հարավկովկասյան «խոշոր խաղացողների» վրա որոշակի բարոյական ազդեցության հնարավորություն։ Ուստի, համարում եմ, որ ղարաբաղյան, աբխազական եւ այլ հակամարտությունների քննարկումը ՄԱԿ-ում օգտակար կլիներ։

- Սկզբունքորեն հնարավո՞ր է հակամարտությունը կարգավորել առանց միջնորդների։ Հակամարտության մեջ ո՞ր հակասություններն են ավելի արտացոլվում' աշխարհաքաղաքակա՞ն հակասությունները, թ՞ե հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ եղածները։

- Քանի որ, ինչպես վերը նշեցի, հակամարտության մեջ ներգրավված են մեծ քանակությամբ ազդեցիկ մասնակիցներ, այն չի կարող լուծվել առանց համաշխարհային հանրության միջնորդության։ Երկու մատնանշված ասպեկտներն էլ կարեւոր են հակամարտության լուծման համար։ Ես կարծում եմ, որ հակամարտությունը կլուծվի միայն հետեւյալ պայմաններում.

ա) Ադրբեջանը պետք է դառնա իսկապես ժողովրդավարական երկիր, որպեսզի Ղարաբաղի հայերը չերկյուղեն վերադառնալ Ադրբեջանի իշխանության տակ։

բ) Հայաստանը պետք է դառնա ժողովրդավարական եւ իրապես անկախ երկիր, որպեսզի նախ՝ հրաժարվի շրջապատող աշխարհի նկատմամբ ռեւանշիստական հայացքներից, եւ երկրորդ՝ սկսի մտածել իր երկարաժամկետ, այլ ոչ թե կարճաժամկետ ռուսական շահերի մասին։

գ) Ռուսաստանը պետք է վերափոխվի, դառնա ժողովրդավարական ազգային պետություն եւ համաշխարհային քաղաքական եւ տնտեսական համակարգի լիիրավ անդամ։

Հարցազրույցը' Աքպեր Հասանովի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter