Իսպանիայում վերականգնում են սահմանափակումները, իսկ Հարավային Կորեայում ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը
Իսպանիայում խիստ սահմանափակումների չեղարկումից մեկ ամիս անց կրկին ներդրվում են այդ սահմանափակումները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի հետ։ Երկրի իշխանությունները մտահոգված են, որ կարող է սկսվել համավարակի երկրորդ ալիքը։ Հուլիսի 24-ին Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան հայտարարել է վերջին մի քանի օրերի ընթացքում 900 նոր դեպքերի մասին։
Կատալոնիայի իշխանությունները, վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով, որոշել են փակել ինքնավար շրջանի բոլոր գիշերային ակումբները։ Վարակվածների մեծ մասը ֆերմաների աշխատակիցներ են և գիշերային ակումբների հաճախորդներ։ Շատերը վարակվում են նաև ընտանեկան հանդիսությունների և ընկերների ու բարեկամների հետ հանդիպումների ժամանակ։
Մադրիդում առաջիկա օրերին հնարավոր է մտցվեն սահմանափակումներ։ Իսպանական մայրաքաղաքի իշխանությունները խնդրել են քաղաքացիներին հաստատություններում շարունակել կրել դիմակներ և կրել դրանք նույնիսկ տներում, եթե նրանք ընդունում են հյուրեր, այցելում է հարևանը կամ առաքիչը։ Մադրիդի բնակիչներին նաև զգուշացվել է, որ առաջիկա օրերին կսահմանափակվեն բարեր և ռեստորաններ այցելողների թվերը։
Այն բանից հետո, երբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 55 մարդ, ամբողջությամբ փակվել է իսպանական Մուրսիա պրովինցիայում գտնվող Տոտանա քաղաքը։ Ենթադրվում է, որ բոլոր վարակվածներն այցելել են միևնույն բարը։
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը խիստ մտահոգել է Փարիզին։ Ֆրանսիայի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում խուսափել Կատալոնիա այցելելուց։ Իր հերթին Նորվեգիան հայտարարել է, որ կարանտին է սահմանում Իսպանիայից ժամանող բոլոր անձանց համար։
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտարարել է, որ 16 երկրներից ժամանած անձանց համար կսահմանվի կորոնավիրուսի պարտադիր թեստավորում։ Այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ալժիրը, Բահրեյնը, Իսրայելը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Քուվեյթը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Պանաման, Պերուն, Սերբիան, Թուրքիան և Մադագասկարը։
Այս երկրների քաղաքացիների մուտքը Ֆրանսիա արգելված է, այդ իսկ պատճառով թեստավորում կանցնեն միայն այն ֆրանսիացիները, որոնք վերադարձել են վերը թվարկված երկրներից, ինչպես նաև այդ երկրների այն քաղաքացիները, որոնք մշտական բնակության իրավունք ունեն Ֆրանսիայում։ Բոլոր նրանք, որոնց թեստը կլինի դրական, երկշաբաթյա պարտադիր կարանտին կանցնեն։ Պարտադիր թեստավորման որոշումը կայացվել է Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պայմաններում։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվում է մոտ 1000 նոր դեպք։
Հարավային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 113 նոր դեպք։ Սա վերջին երեք ամիսների ամենաբարձր ցուցանիշն է։ Վարակման դեպքերի մեծ մասը դրսից են և 113 վարակվածներից միայն 27-ն են, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ տեղ չեն մեկնել։ Հարավային Կորեայում գտնվող «Պետրոս Մեծ» ռուսական ձկնորսական նավի առնվազն 23 անդամների մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուս։ Հարավային Կորեայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ հիվանդ ձկնորսները կհոսպիտալացվեն։
Լուսանկարը՝ «Reuters» գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել