HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ձեռք է բերել ռեմդեսիվիր դեղամիջոցի համաշխարհային պաշարների շուրջ 90 %-ը

ԱՄՆ իշխանությունները ձեռք են բերել ռեմդեսիվիր դեղամիջոցի համաշխարհային պաշարների շուրջ 90 %-ը, որը կիրառվում է COVID-19-ի բուժման մեջ։ Այդ մասին հուլիսի 24-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ վարչակազմն ապահովել է ռեմդեսիվիր դեղամիջոցի համաշխարհային պաշարների 90 %-ի նկատմամբ վերահսկողությունը, որն ունի հիանալի ազդեցություն»,-նշել է Թրամփը։ Հուլիսի սկզբին բրիտանական «The Guardian» պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ձեռք է բերել ռեմդեսիվիրի առաջիկա երեք ամիսների ողջ պաշարները։ Վերջինիս տվյալներով՝ Թրամփի վարչակազմը կալիֆոռնիական «Gilead Sciences» դեղագործական ընկերությունից ձեռք է բերել ավելի քան 500 000 դեղաչափ։ Այն կազմում է ընկերության հուլիս ամսվա ողջ պաշարները և 90 %-ն այն քանակի, որն ընկերությունը կարտադրի օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում։

Ռեմդեսիվիրն ի սկզբանե մշակվել էր «Gilead Sciences» դեղագործական ընկերության կողմից՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարելու նպատակով, իսկ ավելի ուշ ապացուցել էր իր արդյունավետությունը կորոնավիրուսների դեմ պայքարում, որոնք հանդիսանում են SARS և MERS հիվանդությունների հարուցիչներ։ Ապրիլի կեսերին կանադացի հետազոտողները հայտնել էին, որ ռեմդեսիվիրը արգելափակում է կորոնավիրուսի բազմացումն օրգանիզմում։ Մայիսին ԱՄՆ առողջապահության նախարարությունը տվել էր արտակարգ թույլտվություն՝ կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման ժամանակ ռեմդեսիվիրի կիրառման համար։

«Չնայած կորոնավիրուսով հոսպիտալացվածների բուժման ժամանակ ռեմդեսիվիրի կիրառման անվտանգությունը և արդյունավետությունը սահմանափակ է, հետազոտությունը ցույց է տվել, որ կլինիկական փորձարկումների ժամանակ այն օգնում է որոշ պացիենտների արագ ապաքինմանը»,- նշվում է ԱՄՆ առողջապահության նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Համանման որոշումներ են ընդունել նաև Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի իշխանությունները։

Հունիսի վերջին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը խորհուրդ էր տվել ռեմդեսիվիրի վաճառքը ԵՄ անդամ երկրների տարածքներում։ Գերմանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «Gilead Sciences» դեղագործական ընկերությունը հանձն է առել Եվրոպա մատակարարել ռեմդեսիվիր դեղամիջոցը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կկատարի պայմանավորվածությունները։

Լուսանկարը՝ Dimitri Karastelev/Unsplash

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter