ԱՄՆ-ում դարձյալ ավելացել են կորոնավիրուսից մահացության ցուցանիշները
Վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 1 126 մարդ, ինչը 97-ով ավելին է, քան հուլիսի 21-ին։ Այդպիսով, ԱՄՆ տարածքում գրանցվել է մայիսի 29-ից ի վեր կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը։ Այդուհանդերձ, մահացության ցուցանիշները շարունակում են մնալ ցածր համեմատած ապրիլ ամսվա, երբ Covid-19-ից ամեն օր Միացյալ Նահանգներում միջինում մահանում էր մոտ 2 հազար մարդ։
Աճում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 70 000 նոր դեպք, որից միայն 12 000-ը Կալիֆոռնիայում, 9,8 հազարը՝ Տեխասում և 9,7 հազարը՝ Ֆլորիդայում։
Զուգահեռաբար, ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ «Pfizer» դեղագործական հսկան և գերմանական կենսատեխնոլոգիական «BioNTech» ընկերությունը ԱՄՆ-ի համար կարտադրեն կորոնավիրուսի պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար։
Դեռևս գոյություն չունի որևէ պատվաստնայութ, որը կիրառվում է կորոնավիրուսի դեմ բուժման նպատակով և պարզ չէ, թե արդյոք «Pfizer» դեղագործական ընկերության պատվաստանյութը կլինի արդյունավետ։ Սակայն եթե այն լինի անվտանգ և ակնհայտ լինեն արդյունքները, ապա առաջին 100 միլիոն դեղաչափը պատրաստ կլինի արդեն այս տարվա վերջին։ Ավելի վաղ ռուսական «Р-Фарм» ընկերությունը հայտարարել էր, որ պատվաստանյութի արտադրության պայմանագիր է կնքել «AstraZeneca» միջազգային կոնցեռնի հետ, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից։
Եվս մեկ պատվաստանյութ, որը մշակվում է չինական «Sinopharm» ընկերության կողմից, կարող է պատրաստ լինել մինչև այս տարվա վերջ։ Ընկերության ղեկավար Լյու Ցզինչժենը CCTV պետական հեռուստաընկերությանը պատմել է, որ թեստավորման վերջին փուլը կարող է ավարտվել առաջիկա երեք ամիսներին։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ պատվաստանյութը դժվար թե պատրաստ լինի մինչև 2021 թվականը, քանի որ Չինաստանում քիչ են պացիենտները՝ կլինիկական փորձարկումներ իրականացնելու համար։ Սակայն հիմա չինական ընկերությունն Արաբական Միացյալ Էմիրություններից գտել է կամավորների, որոն պատրաստ են մասնակցել թեստավորմանը։ Չինական մեկ այլ «Sinovac Biotech» ընկերությունն էլ պատվաստանյութի իր տարբերակը կօգտագործի Բրազիլիայից կամավորների վրա։
Լեհաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ներկայումս Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի 41,5 հազար դեպք, իսկ մահացածների թիվը անցնում է 1600-ը։
Քաշմիրի հնդկական հատվածն էլ կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի և հաճարակի դեմ պայքարում ավանդական բժշկության անզորության պատճառով անցել է խիստ կարանտինի ռեժիմի։ Հոնկոնգում ևս աճում է նոր դեպքերի թիվը։ Վերջին մեկ օրվա ընթացքում այստեղ գրանցվել է 118 նոր դեպք։ Ավստրալական Մելբուռն քաղաքում էլ դիմակների կրումը դարձել է պարտադիր։ Քաղաքը մնում է կարանտինի մեջ, որը ձգվում է արդեն վեց շաբաթ։ Ընդհանուր առմամբ, Ավստրալիայի միայն Վիկտորիա նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 400 նոր դեպք։
Լուսանկարը՝ «Reuters» գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել