«Պրիսյագով չի մեռել, դրա համար էլ թոշակ չենք տալիս»
«Ձմեռն էս տան մեջ մեռնելու եմ, ոչ ոք չի իմանա»,-ասում է Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի բնակչուհի, 66-ամյա Զաբելա Հասանյանը: Տիկին Զաբելան վերջապես իր գյուղում լրագրող էր տեսել եւ ուզում էր պատմել, թե ինչ անարդարության է բախվել ամուսնու մահից հետո: Ամուսինը' Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, մահացել է արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական դիրքերում հետախուզություն կատարելիս . պայթել է ականի վրա: Տուն հասցնելիս ամուսինը դեռ կենդանի է եղել, կինն աչքով է տեսել, որ դեռ շնչող ամուսնու երկու ոտքը եւ մեկ ձեռքը չկան, իսկ փորոտիքն էլ թափված է: Նրա ամուսինը արցախյան պատերազմի 10 հարթաշենցի զոհերից մեկն է: «Հիմա ոչ թոշակ են տալիս, ոչ էլ տեղս գիտեն»,-ասում է տիկին Զաբելան:
Երեք անգամ նա գնացել է Հադրութ, հանդիպել վարչակազմի տարբեր ղեկավարների հետ, այդպես էլ չի իմացել, թե ինչու զոհված ազատամարտիկի կենսաթոշակ չեն տալիս: «12 տարի 12 կոպեկ չեն տվալ, մինչեւ իսկ օգնություն չեն տալիս»,-շարունակում է բողոքել տիկին Զաբելան: Տեղեկացել է, որ պատերազմի մասնակիցներին մի անգամ շաքարավազ են բաժանել: Ասում է, որ այս կյանքում իրեն ոչինչ պետք չէ' «տենամ պաճառն ի՞նչ է, որ իմ ամուսնուս փողը չեն տալիս»:
Ստանում է 16 հազար դրամ թոշակ եւ դրանով էլ ապրում է: Տունը 93-ին ռմբակոծվել է: «Գրադը խփել է, ալիքն ինձ նետել է դարպասի բերանը»,- պատմում է նա: Այս հարցով էլ է դիմել վարչակազմի ղեկավարներին: Հիշում է միայն մեկ պատասխան' ի՞նչ անենք: Պատմում է, որ լյարդի մեջ արկի բեկոր կա:
Տունը հիշեցնում է կտոր-կտոր հավաքած մի կառույց: Առաստաղը հավաքված է երկաթի ժանգոտած փայլաթիթեղներով եւ տախտակի կտորներով, որոնք խոնավ են: Իր տանը տիկին Զաբելան ապրում է միայնակ, միակ աղջիկը եւ բոլոր բարեկամները արցախյան պատերազմի ժամանակ մեկնել են Ուզբեկստան: Տան մեջ այս կինն ինձ ման է տալիս ձեռքս բռնած, խոսում է շնչակտուր եւ արագ: Չի նայում աչքերիս մեջ: Ցույց է տալիս սենյակներից մեկը, որը դարձրել է ամբար: Այստեղ տանտիկինը կուտակում է սոխ եւ կարտոֆիլ: Դրանք գրեթե նամշել են: Հյուրասենյակում դրված է երկու անկողին:
Տիկին Զաբելան անձրեւային տարբեր օրերին քնում է դրանցից մեկի վրա, նայած որ անկողնու վրա է կաթում: Նա չի կարող վերանորոգել տան կտուրը, ոչ էլ ուզում է փոխել անկողնու դիրքը, դրանք պատուհանի մոտ են, իսկ տիկին Զաբելային դա դուր է գալիս: Սիրում է ցերեկային լույսի տակ պառկել: Իսկ գիշերները լույս չի վառում: Ոչ մի կասկած, որ տիկին Զաբելայից հետո այս գյուղում ավելանալու է եւս մեկ հանգած օջախ: Հիմա արդեն նա շատ է դժգոհում առողջությունից, երկու ձեռքի չորս մատները գրադի հարվածի պատճառով չեն աշխատում, փայտացել են: «Հիմա ի՞նչ անեմ, որ լավ լինի»,-հարցնում է նա ու երկար ժամանակ լռում: Հարցնում եմ երեխաներից' չե՞ն գալիս, չե՞ն գնում: Առանց մեկ բառի գլուխն է շարժում, այսինքն' ոչ: Բա ի՞նչ է լինելու իր տան վերջը, ու՞մ է կտակելու: «Ա՜, բալա ջան, մարդ կա՞, որ կտակեմ»,- սառած հայացքը գետնին մեխած' ասում է տիկին Զաբելան: Գյուղում էլ ոչ մի հարազատ չունի:
Մտերմություն չի անում ոչ մեկի հետ: Միակ մխիթարանքն այն է, որ գյուղի միակ աղբյուրը իր տան մոտ է, չնայած ասում է, որ դա խմելու ջուր չի, ճահիճ է: Տնամերձ այգին նույնպես անմխիթար վիճակում է, մի քանի բերքատու ծառեր են, որոնց բերքն արդեն թափվում է: Այդպես էլ մնում է հողին: Հսկա այգու մի փոքրիկ հողակտորի վրա տիկին Զաբելան կարտոֆիլ, սոխ եւ կանաչի է աճեցնում։ «Ի՜նչ տուն էր, է՜»,- հիշում է նա, ու այլեւս ոչ մի խոսք:
Ես դուրս եմ գալիս նրա տնից եւ միայն հարեւան Քյուրաթաղ գյուղում հանդիպում Հարթաշենի գյուղապետ Վալերիկ Սարգսյանին: Հետաքրքրվում եմ' ինչու՞ Զաբելա Հասանյանին չեք տալիս արցախյան ազատամարտում զոհված ամուսնու իրեն հասանելիք թոշակը: Գյուղապետի պատասխանը սպանիչ է. «Քանի որ երդումով չի մեռել, դրա համար թոշակ չեն տալիս»:
Մհեր Արշակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել