
ԵԽԽՎ-ն նախազգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության հետապնդումները
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նախազգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքական հակառակորդների հետապնդումները, որն առավել սաստկացել է COVID-19 կորոնավիրուսի համավարակի օրերին։ ԵԽԽՎ դիտորդներ Շտեֆան Շենախը և Ռոջեր Գեյլը «ստացել են բազմաթիվ բողոքներ լայնամասշտաբ ճնշումների մասին, որոնք իրականացվում են քաղաքական հակառակորդների դեմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի անվտանգության միջոցառումների անվան տակ։ Այդ մասին մայիսի 14-ին հայտարարել է Վեհաժողովը։
ԵԽԽՎ դիտորդների տվյալներով՝ Ադրբեջանում ավելի քան 15 ընդդիմադիր ակտիվիստներ և լրագրողներ 30 օրով կալանավորվել են՝ մեղադրվելով COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների խախտման, ինչպես նաև իրավապահ մարմիններին չենթարկվելու մեջ։
Շենախը և Գեյլը հատուկ անհանգստություն են հայտնել քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների անվտանգության վերաբերյալ, քանի որ նրանց առողջությունը և կյանքը վտանգի տակ են՝ պայմանավորված կորոնավիրուսի վարակմամբ։ Դիտորդները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել պահպանել ազատ խոսքի և կամարտահայտության միջազգային պարտավորությունները, ինչպես նաև ձեռնպահ մնալ համավարակի դեմ պայքարի միջոցների չարաշահումից՝ ընդդիմությանը լռեցնելու նպատակով։
Լուսանկարը՝ ԵԽԽՎ պաշտոնական կայք էջի
Մեկնաբանել