Մեծ Թաղերում ոչ մի ծորակից ջուր չի հոսում
Ճանապարհներն այնքան քարուքանդ են, որ չես ենթադրի, թե այն տանում է դեպի 1507 բնակիչ ունեցող Մեծ Թաղեր գյուղը, որը մոտ 300 տարվա պատմություն ունի։ Դեպի գյուղ տանող ճամփան փոշեխեղդ է անում: Հասնում ենք գյուղապետարան: Գյուղապետը տեղում չէ։ Ասում են՝ հարսանիք է գնացել։ Նրան գտնում ենք հարսանքավորների մեջ, թամադան է: «Պարտականություն է, պիտի անես»,-ասում է Վլադիկ Դանիելյանը ու դուրս գալիս: Միասին քայլում ենք դեպի գյուղապետարան: Գյուղապետի սեղանը փոշու մեջ կորած է: Մաքրում է: 5 րոպե հետո կրկին փոշու մեջ է: Զրուցում ենք: Խոսքը կիրթ է ու պաթետիկ: «Մեծ Թաղլարը հեռու է եղել ռազմաճակատի գծից, բայց արցախյան ազատամարտում 39 զոհ է տվել»,-ասում է նա։ Կարելի էր հպարտանալ նահատակների անձնազոհությամբ, եթե ապրողների (նաեւ՝ զոհերի հարազատների) կյանքը մոտ լիներ մարդկային ընդունված չափանիշերին։
Դուրս ենք գալիս գյուղապետարանից։ Մուտքի մոտ նկատում եմ ինչ-որ ստենդ: Վրան գրված է. «Ես ձեր զավակն եմ, ինձ մի մոռացեք»: Այն պատրաստվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված 286 թաղլարցիների հիշատակն անմահացնելու համար:
Մտնում ենք գյուղամեջ: Սա Հադրութի այն եզակի գյուղերից է, որտեղ մի տեսակ քաղաքային առօրյա կա, ունեն ամենաժամանակակից սարքավորումներով, պարագաներով եւ կահավորանքով գեղեցկության սրահ, մանկապարտեզ: «90 երեխա ենք կտրել փողոցից, դաստիարակում ենք ավելի լավ, քան' ծնողները»,-ասում է գյուղապետը: Կա նաեւ գորգի գործարան, որտեղ 11 մարդ է աշխատում: Գորգը Երեւան են ուղարկում:
Գյուղում կա հանդիսությունների տուն, որի առաջին հարկում երիտասարդների համար համակարգչային սրահ են բացել: Մի խումբ դպրոցականներ զբաղված են համակարգիչներով: Երիտասարդների մեծ մասն օրն անցկացնում է գյուղամիջում։ Աշխատանք չկա, եւ նրանք՝ արեւածաղկի սերմ ուտելով, հետեւում են գյուղ մտնող ու դուրս եկող մեքենաների շարժին: Մեծ Թաղերից 3 կմ հեռավորությամբ ձգվում է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով կառուցվող «Հյուսիս-Հարավ» մայրուղին: Գյուղացիները դիմել են Հադրութի վարչակազմին, որպեսզի գյուղ բերող երեք կիլոմետրանոց ճանապարհն էլ մտցնեն ասֆալտապատման ծրագրի մեջ, մերժել են:
![]() |
![]() |
Մեծ Թաղերի փողոցներում ամեն քայլափոխի տեսնում ենք բիդոններով բեռնված ձիեր կամ էշեր, շշերով, դույլերով եւ այլ տարաներով քայլող երեխաներ ու մեծեր: Բոլորը գնում են դեպի գյուղի միակ աղբյուրը, «բեռնվում» խմելու ջրով, վերադառնում տուն: Վաթսունյոթամյա Զարիկ Ջավախյանն օրը 3 անգամ իր էշը բիդոններով բեռնած գալիս է ջրի: «Էս կյանք չի, բալա ջան»,-ասում է նա: Այս հարցում գյուղապետարանը միայնակ ոչինչ չի կարող անել։ Լսել են «Հայաստան» հիմնադրամի «Հադրութի վերածնունդ» ծրագրի մասին եւ սպասում են նոյեմբերյան հեռուստամարաթոնին։
Գյուղով մի բարալիկ գետ է հոսում, որի եզրերին գյուղացիներից ոմանք բանջարանոցներ են ստեղծել։ Այգիների մեծ մասը չի ոռոգվում: «Սպասում ենք անձրեւներին»,-ասում են տեղացիները: 690 հեկտար սեփականաշնորհված հող ունեն: Բառացիորեն ոչ մի սանտիմետրը չի ոռոգվում։ Դրա համար էլ խաղող կամ մշակովի այլ բույսեր աճեցնելու փոխարեն բացառապես հացահատիկ են ցանում, որը շատ ջուր չի պահանջում: Չեն ոռոգվում նաեւ գյուղից 20 կմ հեռավորության վրա գտնվող վարելահողերը: Մեծ Թաղերում մեկ ամսից ավելի ոչ մի կաթիլ անձրեւ չի տեղացել:
Երիտասարդներ շատ կան փողոցներում, բայց' միայն տղաներ: 22-ամյա Հակոբը Ռուսաստանից Ղարաբաղ է վերադարձել 4 տարի առաջ, որպեսզի ծառայի բանակում: Հիմա, որեւէ հեռանկար չտեսնելով, պատրաստվում է նորից մեկնել: Գյուղապետն ասում է, որ 1988-98 թվականներին գյուղից հեռացել է 161 մարդ: Վերջին տարիներին ավելի քիչ են մեկնում, ապրում են դրսում աշխատող հարազատների օգնությամբ:
Մհեր Արշակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել