
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը
Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Թադևոսյանի, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:
Հիշեցնենք, որ գործը բեկանելու և քրեական գործն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:
Վերջինս ներկայացված բողոքների գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել առանց Քոչարյանի պաշտպաններին լսելու:
Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանը, որը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանի բողոքը, նախկինում եղել է «Յոթի գործով» դատախազ, և հրաժարվել է այդ գործով անցնող Ալիկ Արզումանյանի, Շանթ Հարությունյանի ու մյուս 5 անձանց մեղադրանքներից: Պատճառը եղել է այն, որ 2008-ին գործող Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում 2009-ին փոփոխություն էր կատարվել:
Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցրել և դիմել էր Սահմանադրական դատարան, քանի որ կասկածներ է ունեցել Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ:
Մասնավորապես՝ դատավորը իր կայացրած դատական ակտում նշել էր, որ դիմում է Սահմանադրական դատարան՝ պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Մեկնաբանել