
«Արշակ Բանուչյանին անհեթեթ մեղադրանքներ են ներկայացվել»
Մատենադարանի փոխտնօրեն, արտաքին կապերի պատասխանատու, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը ձերբակալված է:
Նա կասկածվում է մարտի 1-ի «զանգվածային անկարգություններին» մասնակցելու մեջ: Այս մասին երեկ` մարտի 25-ին, հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Մարտի 24-ի երեկոյան իրավապահներն այցելել են Ա. Բանուչյանի բնակարան եւ մանրազնին խուզարկություն կատարել: «Եկվորներն» իրենց գործն ավարտելուց հետո առգրավել են Բանուչյանի աշխատանքային համակարգիչները, հիշողության քարտերը եւ դստեր ֆոտոապարատը: Մատենադարանի փոխտնօրենը խնդրել է, որպեսզի առանց իր ներկայության չփորփրեն համակարգիչների պարունակությունը, «որովհետեւ դրանցում զետեղված է հսկայական քանակությամբ գիտական եւ մշակութային ինֆորմացիա»: Իրավապահները խոստացել են, որ դա կանեն Բանուչյանի ներկայությամբ, քանի որ վերջինիս իրենց հետ տանելու են. «հակառակ դեպքում` ստիպված կենթարկեն բերման»: Մոտ 10 ժամ անց Ա. Բանուչյանը զանգել է տուն եւ տեղեկացրել, որ գտնվում է նախնական կալանքի տակ:
Մատենադարանի փոխտնօրենի պաշտպան Ստեփան Ոսկանյանի խոսքերով` Բանուչյանին դատախազությունում տվել են հարցեր, որոնք վերաբերել են խոշոր գումարներ ինչ-որ մարդկանց տալուն եւ վերջիններիս ներկայությունը հանրահավաքներին ապահովելուն:
«Ա. Բանուչյանը գիտնական, լրջախոհ մարդ է: Չեմ կարող հիմա վերջնական պատասխաններ տալ, բայց կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով,- ասում է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:- Եվ ընդհանրապես, իբրեւ երեւույթ այս զանգվածային ձերբակալությունները համարում եմ արատավոր: Քանի որ այն ավելի է խորացնում հասարակության բեւեռացումը: Իսկ դա առավել ծանր է անդրադառնում երիտասարդ սերնդի վրա, նրա մեջ հուսալքում, հիասթափություն է առաջացնում»:
Ըստ Թամրազյանի` անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. «Բայց, կարծում եմ, որ այս պահին ելքի բանալիներն իշխանությունների ձռքում են»:
Ինչ վերաբերում է Ա. Բանուչյանի անվան հետ շրջանառվող «անհեթեթ մեղադրանքներին», Մատենադարանի տնօրենը վստահ է, որ դրանք շուտով կհանվեն:
Ա. Բանուչյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է: Վերջինիս նախագահության տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է մշակույթի նախարարության երիտասարդության վարչության պետ: Բանուչյանը 16 տարեկանից աշխատում է Մատենադարանում, մշտապես զբաղվել է Մատենադարանի տպագրական աշխատանքի, ձեռագրերի հարստացման խնդիրներով: Վերջերս Մոկաց Ավետարանը Հայաստան բերվեց նրա համառ ջանքերի եւ մոսկվահայ բարերարների միջոցով:
Մեկնաբանել