HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժեց պաշտպանի բողոքը. սպանության համար դատապարտվածը անազատության մեջ կմնա 14 տարի

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը փետրվարի 8-ի որոշմամբ չի բավարարել Վռամ Բաղդասարյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը և ուժի մեջ է թողել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011թ. նոյեմբերի 16-ի դատավճիռը:

Դատարանը հիմնավորված է համարել թվով 5 անձանց կողմից խուլիգանություն կատարելու, իսկ մեկի՝ Վ. Բաղդասարյանի կողմից նաև սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու համար առաջադրված մեղադրանքները և դատապարտել ազատազրկման:

Մասնավորապես, դատավճռի համաձայն՝ Վ. Բաղդասարյանը 2010թ. մայիսի 12-ին վիճաբանել է Խ.Մկրտչյանի ընկերոջ՝ Դ. Սանդալջյանի հետ, ով հաշվեհարդար տեսնելու դիտավորությամբ սպառնացել է Վ. Բաղդասարյանին և բացահայտ ասել՝ «Դու մեռար»: Այնուհետև Դ. Սանդալջյանը դիմել է իր եղբորը՝ Հ. Սանդալջյանին և իր ընկեր Խ. Մկրտչյանին, որպեսզի նրանք հաշվեհարդար տեսնեն Վ. Բաղդասարյանի հետ:

Սկսված վիճաբանությունը շարունակելու նպատակով նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, իր ընկերների՝ Պ. Գրիգորյանի, Ա. Ահարոնյանի, Հ. Հակոբյանի հետ Վ. Բաղդասարյանը Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 17-րդ և 19-րդ շենքերի մոտ հանդիպել է Խ. Մկրտչյանին և վերջինիս ընկերներ Հ. Սանդալջյանին և Ա. Փոխարյանին: Սկսվել են վիճաբանություն, ծեծկռտուք:

Վիճաբանության ընթացքում Վ. Բաղդասարյանն օգտագործել է ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և կրած, հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության «ՊՄ» տեսակի ատրճանակ, որով էլ կրակոցներ է արձակել Խ. Մկրտչյանի ուղղությամբ: Արդյունքում Խ. Մկրտչյանը կոնքի շրջանում ստացել է հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք և մահացել:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011թ. նոյեմբերի 16-ի դատավճռով Վ. Բաղդասարյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով և դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով:

Ա. Ահարոնյանը, Ա. Փոխարյանը և Հ. Սանդալջյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:

Պ. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Դ. Սանդալջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Պ. Գրիգորյանը և Դ. Սանդալջյանը ազատվել են պատժի կրումից, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է Ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի «Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter