HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Լիչը` նախարար Աշոտյանի մոտ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան  տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Նախարար Արմեն Աշոտյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները կրթության ոլորտում նոր որակ կստանան, ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ:  ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորել է մեր երկրում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում: Ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2012-15 թթ. ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և միաժամանակ առաջարկել Բրիտանական խորհրդին ակտիվ մասնակցություն ունենալ այս աշխատանքներում:

ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ ավագ դպրոցներում անգլերենի խորացված ուսուցման նպատակով: 

Դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ բրիտանական կողմը պատրաստակամ է շարունակել իրականացվող ծրագրերը, ինչպես նաև քննարկել համատեղ նոր նախագծերի իրականացման հետ կապված հարցերը: 

Քննարկման ընթացքում նշվել է, որ հանրակրթական դպրոցներն ակտիվորեն մասնակցում են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված Չ. Դիկենսի 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես «Ինչ կգրեր այսօր Դիկենսը» թեմայով շարադրությունների մրցույթին: 

Կողմերը քննարկել են նաև անգլերենի ուսուցիչների կարողությունների ու հմտությունների զարգացման և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter