
Հանրապետության մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կլինեն
Փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կլինեն: Նման որոշումներ ընդունվեցին կառավարության այսօրվա նիստում:
Որոշումներից մեկով հաստատվեց, որ Լոռու մարզի Ձորագետի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կլինի, մեկ այլ որոշմամբ` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություն կլինի, երրորդ որոշմամբ` Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կլինի:
Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Այս տարվա դեկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Լոռու մարզի Ձորագետ համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Լյովա Գրիգորյանը 2018 թվականի նոյեմբերի 13-ին մահացել է: Ձորագետ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրը ևս նշանակվել է 2019 թվականի փետրվարի 17-ը:
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արթուր Մանուկյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մեկնաբանել