
Որ ոլորտներն են ապահովում Հայաստանի տնտեսական աճը
Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը, 2017թ. նույն եռամսյակի համեմատ, կազմել է 2.7 %։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, տարվա առաջին երկու եռամսյակների համեմատ երրորդ եռամսյակում աճը կտրուկ դանդաղել է։ Առաջին եռամսյակում այն կազմել է 9.7 %, երկրորդում՝ 7.5 %:
Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 676.5 մլրդ դրամ։ Համախառն ներքին արդյունքի շուրջ կեսն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում 19.1 % է, արդյունաբերությանը (ներառյալ էներգետիկան)՝ 15.7 %, իսկ շինարարությանը՝ 7.1 %:
Արտադրանքի հարկերը կազմել են ՀՆԱ-ի 9.6 %-ը, իսկ ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ)՝ 1.8 %-ը։
Ինչպես նշեցինք, երրորդ եռամյակում տնտեսական աճը կազմել է 2.7 %: Տվյալները ցույց են տալիս, որ աճին ամենաշատը նպաստել են առևտուրն ու ծառայությունները՝ 4.3 տոկոսային կետով։ Շինարարությունը զրոյական ազդեցություն է ունեցել։ Արդյունաբերությունը աճին նպաստել է ընդամենը 0.5 տոկոսային կետով։ Իսկ գյուղատնտեսությունը (ներառյալ՝ որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն) բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա՝ 2.6 տոկոսային կետով զսպելով այն։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների
Ըստ տարբեր գնահատականների՝ 2018 թվականի համար կանխատեսվում է 5-6 % տնտեսական աճ։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին տասը ամիսներին (հունվար-հոկտեմբեր) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6 %-ով։
Մեկնաբանել