Սիրիան՝ մրցակցության թատերաբեմ
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի և որոշի Սիրիայի ներկա իշխանությունների հետագա ճակատագիրը. նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է վայր դնի «զենքը» և հանձնի իշխանությունը՝ վերջ դնելով երկրում շարունակվող բռնություններին: Այս իրադարձությունն այնքան է կարևորվում, որ ելույթ է ունենալու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Արաբագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի կարծիքով՝ այսօրվա որշումը կօրինականացնի ներխուժումը Սիրիա: Այս գործում իրենց ակտիվ դերակատարումն են ունեցել Սաուդյան Արաբիան և Կատարը, որոնք մեծ դեր են ունեցել նաև Լիբիայի իրադարձությունների ժամանակ:
Չնայած Սիրիայում առկա իրավիճակը շարունակվում է մոտ 10 ամիս, կիրառվել են տարբեր պատժամիջոցներ նրա նկատմամբ, սակայն արտաքին խոշոր ներխուժում տեղի չի ունեցել: Ս. Մանուկյանի կարիծքով՝ այսօրվա որոշման արդյունքում Սիրիայում կկրկնվի լիբիական սցենարը:
Հետաքրքիր է Իսրայելի դիրքորուշումն այս պարագայում, որը միանգամից դուրս չեկավ Սիրիայի նախագահի դեմ: Արաբագետի խոսքերով՝ որքան էլ վատը լինեն ներկայիս իշխանությունները, համենայնդեպս, դրանք կանխատեսելի են Իսրայելի համար: Այդ տեսակետից «Բաշար ալ-Ասադը չարյաց փոքրագույնն է». հայտնի չէ, թե ինչ կլինի նրանից հետո:
Նույնը չէ Իսրայելի վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ Իրանի դեմ պատժամիջոցներ հրահրողը հենց Իսրայելն է, որի ծրագրերը գնում են շատը ավելի հեռու:
Իրանագետի կարծիքով՝ այս պարագայում շահում են մի քանի երկրներ: Իրանի՝ Եվրոպա մատակարարած նավթը որակական առումով տարբերվում է Սաուդյան Արաբիայի նավթից: Վերջինիս համար դժվար կլինի բավարարել Եվրոպայի պահանջները, սակայն այն կփորձի մեծացնել իր նավթի արտադրությունը:
Իրանի նավթի նման նավթ ունի Ռուսաստանը, որը կարող է մեծացնել նավթի իր արտահանման ծավալները Եվրոպա և բարձրացնել նավթի գինը: Գ. Իսկանդարյանի խոսքերով՝ կշահի նաև Չինաստանը, որը Հնդկաստանի հետ միասին հայտարարել է, որ շարունակելու է նավթ գնել Իրանից: Մասնավորապես շահեկան դիրքերում են գտնվում Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք դեմ են Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառմանը:
Ս. Մանուկյանի խոսքերով՝ տրամաբանական է, որ Իրանն օգնում է Սիրիային, քանի որ այն տարածաշրջանում իր միակ դաշնակիցն է: Սիրիայում կհաղթի այն ուժը, որն ավելի մեծ ռեսուրսներ ու գումարներ կներդնի այնտեղ: Այսօր այնտեղ մեծ գումարներ է ներդնում Սաուդյան Արաբիան՝ հովանավորելով ընդդիմադիր ուժերին, իսկ Իրանն ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիական իշխանությունը մնա նույնը: Ս. Մանուկյանի խոսքերով՝ կարծես թե Սիրիան մրցակցության թատերաբեմ է Սաուդյան Արաբիայի և Իրանի համար:
Գ. Իսկանդարյանը հավելեց, որ չնայած Իրանն օգնում է Սիրիային, բայց դա անում է ներքին կարգով: Իսկ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. այն բազմիցս հայտարարել է, որ եթե Իրանի նկատմաբ կիրառվեն ռազմական գործողություններ, ապա նա Արևմուտքին տարածք չի տրամադրի:
Բացի այդ՝ Թուրքիայի սպառած նավթի 40 %-ը գալիս է Իրանից, այն դեպքում, երբ Եվրոպայում նույն նավթի սպառումը 20 % է կազմում: Թուրքիայի համար դժվար կլինի միանգամից հրաժարվել նման հարաբերություններից:
Ս. Մանուկյանը նշեց, որ Սիրիան և Իրանը կարևոր երկրներ են Հայաստանի համար, որովհետև այստեղ կան խոշոր հայկական համայնքներ: Վերջիններս ներկա վարչակարգի պայմաններում այնտեղ իրենց զգում են ապահով:
Արաբագետի խոսքերով՝ որքան իրավիճակը կայուն լինի այդ երկրներում, այնքան լավ հայկական համայնքի համար: Սակայն արդեն զգացվում է, որ հայերը Սիրիայից տեղափոխվում են Լիբանան:
Գ. Իսկանդարյանի խոսքերով՝ այդ նույն գործընթացը կա նաեւ Իրանի պարագայում, ինչն ավելի կխորանա ռազմական գործողությունների դեպքում: Հայաստանը Իրանի հետ ունի սերտ տնտեսական հարբերություններ, Իրանն ունի մեծ կարևորություն Հայաստանի համար, ուստի Հայաստանը դուրս չի գա նրա դեմ, ինչը հասկանում է նաև Արևմուտքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել