Տեղամասում, որտեղ քվեարկել է Գագիկ Ծառուկյանը, 400 ընտրողից 22-ը քվեարկել է օգնողի միջոցով
Առինջ գյուղի 29/29 ընտրական տեղամասում ժամը 11:30-ի դրությամբ 1999 ընտրողից ընտրության է մասնակցել 400-ը: Այս մասին «Հետքին» ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Զոհրաբյանը:
Այս ընտրատեղամասում օգնողի միջոցով քվեարկության մեծ ցուցանիշ է արձանագրվել: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ 400 ընտրողից 22-ը քվեարկել է օգնողի միջոցով:
Նշենք, որ այս տեղամասում է քվեարկության մասնակցել խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
Տևական ժամանալկ է` տեղամասի դիմաց աննախադեպ եռուզեռ է: Մեքենաների հոսքն այստեղ չի դադարում, տարածքում հսկողություն է իրականացնում մի քանի ոստիկան:
Քաղաքացիների կուտակումներ են նաև մուտքի դիմաց. ոստիկանները պարբերաբար հորդորում են տեղամասի մուտքի դիմաց չկանգնել, պահպանել հիսուն մետր հեռավորությունը, սակայն այս պահանջը չի կատարվում. քաղաքացիները պատճառաբանում են, որ հիսուն մետր հեռավորության վրա ճանապարհի երթևեկելի հատվածն է, որտեղ կանգնել չեն կարող:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ընտրություններում առաջադրվել է 11 կուսակցություն և կուսակցությունների դաշինք` ՀՀԿ, «ՔՈ», ՀՅԴ, «Իմ քայլը», Լուսավոր Հայաստան, Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ, Ազգային առաջընթաց, «Մենք», ՕԵԿ, Սասնա ծռեր, ԲՀԿ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են չփոփոխված Ընտրական օրենսգրքով:
2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կառավարության որոշմամբ ընտրությունների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին Խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետի թեկնածու չընտրեց: Ըստ Սահմանադրության՝ վարչապետի թեկնածուի երկու անգամ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է, սակայն շարունակում է իր լիազորությունների կատարումը՝ մինչ նոր խորհրդարանի ձևավորում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել