«Ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում ու եկել կարգադրություն ա անում». միջադեպ 7/37 տեղամասում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/37 ընտրատեղամասում միջադեպ գրանցվեց: Մի քաղաքացի, մտնելով ընտրատեղամաս, սկսեց աղմկել, մեղադրել հանձնաժողովի անդամներին ընտրողների մեծ հոսքի համար: Երբ նրան մոտեցավ հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սահակյանը և պահանջեց փաստաթուղթ, վերջինս ավելի բորբոքվեց:
Այնուհետև ինչ-որ տեղ զանգահարեց՝ ասելով, թե նշված ընտրատեղամաս 2 հոգի ուղարկեն: Այս ասելուն պես արագորեն դուրս եկավ ընտրատեղամասից:
«Հետք»-ի հետ զրույցում ընտրատեղամասի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Նարինե Շահբազյանն ասաց, որ այդ քաղաքացին բողոքում էր, որ ընտրատեղամասում մարդիկ շատ են:
«Բայց իրականում 15 հոգուց ավելի մարդ չկար: Այստեղ ավելի շատ են վստահված անձինք ու հանձնաժողովի անդամները, քան քաղաքացիներ:
Ինքն ասաց ՔՊ-ից ա ու ելույթ ա ունենում, ավելորդ շոու ստեղծում»-պատմեց հանձնաժողովի նախագահը:
Հանձնաժողովի քարտուղար, ՀՅԴ ներկայացուցիչ Անահիտ Սահակյանը, ում հետ վիճել էր այդ երիտասարդը, նշեց, որ հիմնական խնդիրը այդ քաղաքացու կողմից որևէ փաստաթուղթ չներկայացնելն էր:
«Ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում ու եկել կարգադրությունա անում: Ես խնդրեցի փաստաթուղթ ներկայացնի, եթե վստահված անձ է գրանցվի ու նոր ինչ-որ առարկություններ անի: Քանի դեռ չի ներկայացել, չի գրանցվել, ինչ իրավունք ունի խոսելու: Այդքան բան: Մնացածն ինչ արել է, մեր գործը չի»,- ասաց Անահիտ Սահակյանը:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել