
Նախնական տվյալներով` Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է Վաշաձեին. Վրաստանում կրկին նախագահ են ընտրում
Վրաստանում երեկ երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլն էր: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է քվեների 60%-ից ավելին և հրապարակել նախնական տվյալները: Համաձայն դրանց` իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ընտրողների մեծամասնության ձայները:
Վրաստանի նախագահ դառնալու համար պայքարում էին «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու միացյալ ըննդիմության թեկնածու, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Հիշեցնենք, այս թեկնածուներն առաջին փուլում ստացել էին գրեթե հավասար ձայներ. Զուրաբիշվիլու օգտին քվեարկել էր ընտրողների 38,64 %-ը, իսկ Գրիգոլ Վաշաձեի օգտին` 37,74 %-ը: Եվ քանի որ նրանցից որևէ մեկը չէր հաղթահարել 50 %-ի շեմը, նոյեմբերի 28-ին նշանակվել էր ընտրության երկրորդ փուլ:
Այս անգամ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 56.23 %-ը:
Հայաբնակ շրջաններում` Ախալքալաքում ընտրության մասնակիցների ցուցանիշը կազմել է 52.07 %, Նինոծմինդայում` 57.22 %, իսկ Վրաստանի տարածքում ամենաբարձր ցուցանիշներ գրանցածների շարքում է Ախալցխան` 61, 7 %: Առհասարակ` ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կեդայում` 72,72 %, իսկ ամենացածրը Ծալկայում` 43,12 %:
Ջավախքում, ինչպես միշտ, այս անգամ էլ ընտրել են իշխանության թեկնածուին:
Ինչպես երևում է գրաֆիկում` թե´ հայաբնակ Ախալքալաքում, թե´ Նինոծմինդայում, Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ավելի քան 60 % քվե, իսկ Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 38 %-ը:
Ախալցխայում չնայած դեռ վերջնական արդյունքները չեն ամփոփվել, բայց այս պահի դրությամբ Ս. Զուրաբիշվիլին այստեղ ևս առաջատար է:
Մեկնաբանել