
205,7 միլիոն դրամ մի շարք մարզերին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացման համար
Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց 2018 թվականի պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի, Արագածոտնու, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզպետարաններին 205 մլն 706 հազար դրամ հատկացնելու որոշման նախագծին, որը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը:
Այս որոշմամբ նախատեսվում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումը:
2018 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ համայնքները ներկայացրել են թվով 236 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 176-ը:
Ծրագրերի ընդհանուր արժեքը նախագծահաշվային փաստաթղթերով կազմել է 532 միլիոն 185 հազար դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 205 մլն 706 հազար դրամ:
Այդ գումարի առավել մեծ մասը բաժին կհասնի Գեղարքունիքի մարզպետարանին՝ 80 միլիոն դրամ, իսկ ամենաքիչը՝ Լոռու մարզպետարանին՝ մոտ 11 միլիոն դրամ:
Գումարները հիմնականում ուղղվելու են համայնքապետարանների շենքերի վերանորոգմանը, մանկապարտեզների կառուցմանն ու վերանորոգմանը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, ջրագծերի նորոգմանը, գիշերային լուսավորությունների անցկացմանը և այլն:
Վաչե Տերտերյանի՝ հարցի զեկուցումից հետո երկար ժամանակ քննարկվեց համայնքներում ժամանակակից էներգախնայող համակարգերի ներդրման թեման: Արդյունքում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որում ներգրաված կլինեն բնապահպանության, տարածքային կառավարման, էներգետիկայի, կրթության և գիտության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց մինչև ընթացիկ տարվա վերջ պատրաստել առաջարկությունների փաթեթ և համայնքներում էներգախնայող համակարգերի ներդրման ոլորտում կատարվելիք բիզնես ծրագրերն ուղղորդել աշխատանքային խումբ՝ դրանց արդյունավետությունը քննարկելու և գնահատելու համար:
Մեկնաբանել