
Կառավարությունը հարկային արտոնություն տվեց «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությանը
Կառավարության այսօրվա նիստին հարկային արտոնություն տրվեց «Արմենիա էյրվեյզ» ավիաընկերությանը: Նախագիծը ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
Որոշման համաձայն՝ «Արմենիա Էյրվեյզ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Որոշման մեջ ասվում է, որ ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել երկու Airbus A310-325 օդանավ, որոնց համար նախատեսում է պահեստամասեր ներմուծել՝ 178 միլիոն 103 հազար դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 45 միլիոն դրամ արժողությամբ էլեկտրոնային թերմոստատներ, 28 միլիոն արժողությամբ քաղաքացիական ինքնաթիռի ժամացույց և այլն:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է երեք տարվա ընթացքում ստեղծել 110 նոր աշխատատեղ` 1,2 մլն դրամ միջին աշխատավարձով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել