Դատախազությունը շահագրգռված չէ գործի լիարժեք բացահայտմամբ
2004-ի սեպտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքը ջրի երես հանեց փաստեր, որոնք մտորելու տեղիք են տալիս:
Բաբկեն Երոյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Գուրգեն Առաքելյանն ու Գեւորգ Խնկոյանը միասին էին ավարտել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, միասին ընդունվել ու սովորում էին ռազմական ինստիտուտի միեւնույն կուրսում:
Ինստիտուտում ընդունված կարգ կա. ժամանակ առ ժամանակ կուրսանտներին տրվում է ազատ արձակում, այսինքն' տուն գնալու հնարավորություն: Սակայն այդ հնարավորությունից ոչ բոլորը կարող են օգտվել: Այն տրվում է ուսման առաջադիմության եւ լավ ծառայության դիմաց:
Իսկ ընտրության հնարավորությունը թողնված է ջոկի, դասակի հրամանատարներին, որոնց կողմից էլ վաշտի, ապա գումարտակի հրամանատարին են ներկայացվում ազատ արձակման թույլտվություն ստացած կուրսանտների ցուցակները: Կարգը սա է, բայց պարզվում է այն ծառայում է նաեւ մեկ այլ նպատակի՝ դրամաշորթության համար. ըվ գումար կտա, նա էլ ազատ արձակում կստանա:
Ռազմական ինստիտուտի կրտսեր սերժանտ Բաբկեն Երոյանը, դեռ առաջին կուրսից չարաշահելով իր պաշտոնական դիրքը, դասակի կուրսանտներին ազատ արձակում տալու անվան տակ մշտապես կաշառք է պահանջել:
Նրան այդ գործում օգնել են դասակի հրամանատար կրտսեր սերժանտ Վլադիմիր Հովհաննիսյանը կուրսանտ Գուրգեն Առաքելյանի հետ միասին: Իսկ գումար չտվողները ոչ միայն զրկվել են ազատ արձակման հնարավորությունից, այլեւ հայտնվել են Բաբկենի ու Վլադիմիրի «սեւ ցուցակներում»' նրանց կողմից մշտապես ենթարկվելով ծեծի ու հալածանքների:
«Սեւ ցուցակում» հայտնվածներից մեկն էլ Գեւորգ Խնկոյանն էր: Գյումրեցի այս երիտասարդի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը նրան հնարավորություն չէր տվել վճարել պահանջվող գումարը, ինչն էլ պատճառ է դառնում, որ Բաբկեն Երոյանն ու Վլադիմիր Հովհաննիսյանը թշնամաբար տրամադրվեն նրա նկատմամբ:
Ողբերգական դեպքից երկու ամիս առաջ' հուլիսի 29-ին, Երոյանն առանց պատճառի ծեծի է ենթարկում Գեւորգ Խնկոյանին, ինչը կրկնվում է նաեւ սեպտեմբերի 5-ին: Սակայն այս անգամ ծեծի նախաձեռնությունը Վլադիմիր Հովհաննիսյանինն էր, որն էլ, օգնության կանչելով Բաբկենին, անխնա ծեծում է կուրսանտ Խնկոյանին եւ նրան պաշտպանելու համարձակություն ունեցած կուրսանտ Զորոյանին:
Կատարվածի մասին տեղյակ է եղել ողջ ինստիտուտը, նաեւ ղեկավարությունը: Մինչդեռ այսօր նրանք հայտարարում են, թե անտեղյակ են: Ղեկավարությունը ոչինչ չի անում այդ միջադեպի պատճառները պարզելու, այն հարթեցնելու ուղղությամբ: Հակառակը' կռված, իրար դեմ ըմբոստացած տղաներին միասին նշանակում է պահակության:
Սեպտեմբերի 21-ի գիշերվա ժամը 4:40-ին պահակային ծառայություն կատարող Գեւորգ Խնկոյանի հետ դարձյալ վեճի է բռնվում Վլադիմիր Հովհաննիսյանը:
Մեղադրական եզրակացության մեջ արձանագրված է հետեւյալը. «Վլադիմիր Հովհաննիսյանը, օգտվելով պահակատանը ստեղծված բարձիթողի վիճակից, ժամը 04-ից մինչեւ 04:40-ը պահակատան բակում կրկին անհիմն վիճաբանել է հերթափոխում որպես ժամապահ ծառայություն կատարող Խնկոյանի հետ: Հայհոյել է նրան, ապա հարվածել եւ Խնկոյանի մոտ գտնվող ինքնաձիգով 8-10 սմ հեռավորությունից դիտավորյալ կրակել Խնկոյանի վրա եւ սպանել նրան»:
Վլադիմիր Հովհաննիսյանը կալանքի տակ է 2004-ի սեպտեմբերի 21-ից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ եւ 10-րդ կետերով, 375 հոդվածի 1-ին մասով: Կալանքի տակ են նաեւ Բաբկեն Երոյանն ու Գուրգեն Առաքելյանը:
Զոհված կուրսանտի մայրը' Ասյա Հերոյանը, վստահ հայտարարում է. «Ռազմական ինստիտուտում կարգ ու կանոնի բացակայության պատճառով կորցրեցի զավակիս: Այստեղ սովորում են մարդասպաններ, որոնք հանուն փողի ամեն ինչի ընդունակ են: Համոզված եմ, որ այդ մարդասպաններին աջակցում են սպաները, գումարտակի հրամանատարներն ու անձամբ ինքը՝ ինստիտուտի պետ Ստեփան Միրզոյանը»:
Զոհված Գեւորգ Խնկոյանի մայրը լացակումած պատմում է, որ միջոցառումների ժամանակ ինստիտուտի ղեկավարությունը հպարտությամբ հայտարարում էր, թե նրանք այլեւս ձեր տղաները չեն, մե՛ր տղաներն են: «Ուրեմն ինչո՞ւ տեր չկանգնեցիք ձեր տղաներին, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ կատարվեր Գեւորգի սպանությունը»:
Մեղադրական եզրակացության մեջ ներկայացված են այն կուրսանտների անունները, որոնցից տարբեր չափերի (3000-ից մինչեւ 40.000) գումարներ է հավաքել Երոյան-Հովհաննիսյան-Առաքելյան եռյակը: Իսկ ինստիտուտի պետ Ս. Միրզոյանը մեզ հետ զրույցում մի նախադասություն էր սերտած կրկնում. «Մեր ինստիտուտում նման բաներ չեն լինում»:
Բայց մեր պնդումներին, թե ձեր հրամանատարները բացահայտ փողեր են շորթել կուրսանտներից, գեներալ-լեյտենանտն այսպես արձագանքեց. «Իսկ ի՞նչ է, մեր պետությունում փողեր չե՞ն աշխատում՝ բացահայտ»:
Շեֆին օգնության եկած պետի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննիսյանը, սակայն, փողեր հավաքելուց իրենց անտեղյակությունն այս կերպ բացատրեց. «Ազատ արձակման ցուցակները ստորագրում են 8 պաշտոնատար անձ' դասակի, վաշտի գումարտակի հրամանատարներից մինչեւ ինստիտուտի պետի տեղակալը: Ի՞նչ եք կարծում' կարո՞ղ է 8 մարդու միջով անցնի ու որեւէ բան չնկատվի»: Մենք եւս համոզված ենք, որ 8 մարդու միջով «հենց այնպես» անցնել ու չնկատվել չէր կարող:
Շատ են եղել դեպքեր, երբ բանակում տեղի ունեցած սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն: Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը դեպքից 20 օր անց, գործի նախաքննության ընթացքում, սպանված Խնկոյանի մորն է տալիս մի տեղեկանք, ուր հայտնում է իր համոզմունքը, թե Գեւորգ Խնկոյանը պահակային ծառայություն կատարելիս գործել է ինքնասպանություն: Խնկոյանը սիրած աղջիկ է ունեցել, որին խոստացել էր ներկա լինել իր ծննդյան տարեդարձին:
Կարո՞ղ էր, արդյոք, սիրած աղջկա ծննդյան օրվան պատրաստվող երիտասարդը ինքնասպան լինել: Միրզոյանի կողմից նման տեղեկանքի տրամադրումն այլ բան չի նշանակում, քան քննության ընթացքի կանխամտածված ուղղորդում:
Ինստիտուտի պետը մինչ օրս էլ իր համոզմունքին է, թե կատարվածն ինքնասպանություն է, բայց չի մեկնաբանում, թե ինչո՞ւ է դրանում այդչափ համոզված. «Ես իրավաբան չեմ, չեմ կարող ասել»:
Ինստիտուտի պետը սպանված Գեւորգ Խնկոյանի մորն ասել է. «Դու ի՞նչ իրավունք ունես ինձնից երեխա պահանջելու, նա քո երեխան չէր, դուք նրա խորթ մայրն եք»: Մեզ հետ հարցազրույցն էլ եզրափակեց այսպիսի խոսքերով. «Իհարկե, դա (սպանությունը-Ա. Ս) չպետք է լիներ, բայց այսօր 10 000 դրամի համար Հայաստանում մարդ են սպանում, տարածված բան է...»:
Գործը քննել է Զինդատախազության քննիչ Սարգիս Սարգսյանը: Նախաքննության ընթացքում մեղադրյալ Վլադիմիր Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Նա հրաժարվեց ցուցմունք տալ նաեւ Ավան եւ Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 23-ին կայացած դատական նիստում:
Սպանության շատ մանրամասներ գործի 4 հատորներում այդպես էլ չեն պարզվել: Դասակի հրամանատար, ավագ սպա Կարեն Պողոսյանը այդ օրը եղել է հերթապահության հերթափոխի պատասխանատուն: Նրան դեպքի վայրից արագ հեռացրել են եւ ինքնաձիգը արագ լիցքաթափել: Ինչպես նկատում է տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վովա Հախվերդյանը, Կարեն Պողոսյանը հանցագործության հետքերը պարտակելու միտում է ունեցել: Հետեւապես, նրա արարքը քրեորեն պատժելի է:
Մինչդեռ Զինդատախազության քննիչ Սարգիս Սարգսյանը, անտեսելով դա, Կարեն Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց ստորագրությունը չհեռանալու մասին:
Կան վարկածներ, որոնք նախաքննական մարմնի ու դատարանի կողմից այդպես էլ չուսումնասիրվեցին:
«Գեւորգ Խնկոյանի մայրը որդու հուղարկավորության ժամանակ նկատել է, որ ստորին կզակի շրջանում անցքը եղել է շատ մեծ, իսկ գլխի գագաթային հատվածում' փոքր: Դա փաստում է, որ հրազենի գնդակի հարվածն ուղղվել է վերեւից: Եթե այդպես է, կնշանակի Գեւորգ Խնկոյանը նստած վիճակում է եղել, եւ Վլադիմիր Հովհաննիսյանը նրան սպանել է կրակելով գլխի վերեւից: Եթե Զինդատախազության կողմից իրականացվեր անհրաժեշտ փորձաքննություն, եւ հաստատվեր մոր պատմածը, կնշանակի կատարվածը խուլիգանական դրդումով սպանություն է: Հետեւապես անզգույշ սպանության, առավել եւս ինքնասպանության մասին խոսք լինել չի կարող»,-ասում է Վովա Հախվերդյանը:
Ավան եւ Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Կարապետյանը, օգտվելով նախաքննական մարմնի բացերից, սպանության դրդապատճառը հայտարարեց անհայտ, եւ դեպքը որակեց որպես անզգույշ սպանություն:
Զոհված Խնկոյանի մայրն այսօր հայտարարում է. «Նախաքննությունն ու դատավարությունը սխալ են ընթացել, քանի որ եւ՛ քննիչը, եւ՛ դատավորը կաշառված են: Զինդատախազությունը չի ցանկանում բացահայտել իրականությունն ու պատժել մեղավորներին: Համոզված եմ, որ կատարվել է խմբակային դիտավորյալ սպանություն, բայց այսօր պատժվում է միայն մեկը, այն էլ արարքին ոչ համարժեք պատժով»:
Գործն այսօր վերաքննիչ դատարանում է, սակայն դատավարությունը չի սկսվում դատավորի, մեղադրյալի պաշտպանի՝ իրար հաջորդող հիվանդությունների պատճառով:
Արմինե Սիմոնյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել