
Նիկոլ Փաշինյան. «Փոքր հէկ-երը դարձել են չարաշահումների հսկա տիրույթ»
«Փոքր հիդրոէլեկտրակայանները (հէկ), ըստ էության, դարձել էն չարաշահաումների հսկա տիրույթ»: Այս մասին վարչապետի ընտրության հարցով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հէկ-երում առկա իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում գործող 188 փոքր հէկ-երից 150-ում ստուգումներ են կատարվել, և պարզվել է, որ նրանցից 95 %-ում ջրաչափ տեղադրված չի եղել՝ չնայած օրենքի պահանջին:
«Սա խայտառակ երևույթ է, և ասեմ ավելին, այդ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Այսինքն՝ մենք տվել ենք x, 100 լիտր ջուր օգտագործելու թույլտվություն, որի օգտագործման արդյունքում պետք է տեղադրվեր այնպիսի գեներատոր, որը պետք է x քանակի էլեկտրաէներգիա արտադրեր, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր՝ ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, ավելի շատ էներգիա և ավելի շատ եկամուտ ստանալու համար, որը բերում է ոչ միայն ջրային բալանսի խախտման, այլև պետական եկամուտնեի կորստի»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարությունը հիմա պետք է աշխատի բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այս առիթը չեն կարող օգտագործել սեփականության վերաբաշխում կատարելու համար:
«Ես արդեն չեմ խոսում բնապահպանական խնդիրների մասին: Այսօր Հայաստանում կան բազմաթիվ գետեր, որոնք դե յուրե կան, սակայն դե ֆակտո գոյություն չունեն: Սա դրա հետևանքն է, երբ որ մենք տեսնում ենք, թե գյուղացիները բողոքում են ոռոգման ջուր չլինելուց: Բոլոր փոքր հէկ-երը պետք է ձկնուղիներ ունենան, որպեսզի կենդանական աշխարհի բնական վերարտադրության պրոցեսը չխաթարեն: ՀԷԿ-երի 95 %-ում այդ ձկնուղիները չկան կամ չեն համապատասխանում ստանդարտներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել