
Դատավորների եռյակը ստորագրված փաստաթուղթը համարել է անստորագիր և զրկել հայրենադարձներին տնից
Բաքվից Ռուսաստան բռնագաղթած, այնուհետև Ռուսաստանից հայրենիք վերադարձած Ավանեսյաններին դատարանը փողոցում է թողել: Ամուսիններ Ալեքսանդր և Ռիտա Ավանեսյաններին, 80-ամյա մորը, որդու ընտանիքին սեպտեմբերին ԴԱՀԿ-ը վտարել է Արաբկիր 29 փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող բնակելի տնից (Հաղթանակում): Տունը և հողամասը պատկանում էր Ռիտա Ավանեսյանին (կամ` Ռիտա Ավանեսովա): Այն վերանորոգելու, այնուհետև նաև վաճառելու նպատակով Ռիտան և ամուսինը որոշել են 40 մլն դրամ պարտքով փող վերցնել իրենց ծանոթ Արտաշես Սահրադյանից: Վերջինս այդ ժամանակ «Ամերիաբանկի» աշխատակից է եղել (այժմ «Պրոմեթեյ» բանկի Գ. Նժդեհի մասնաճյուղի կառավարիչն է):
Կողմերը 2007-ի մայիսին փոխառության և հիփոթեքի պայմանագրեր են կնքել: 40 մլն դրամի փոխառության դիմաց Ռ. Ավանեսովան գրավադրել է Արաբկիր 29 փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող բնակելի տունը և հողամասը` մեկ տարի ժամկետում գումարը ետ վերադարձնելու պայմանով:
Ինչպես պատմում են Ավանեսյան ամուսինները, կողմերը ներքին պայմանավորվածություն են ունեցել, որ այդ գումարը Արտաշես Սահրադյանը տարեկան 18 տոկոս դրույքաչափով է տալիս Ռիտային, սակայն այս փաստը նոտարական վավերացում ունեցող փաստաթղթում չի հիշատակվել, քանի որ եթե նշվեր, ապա կստացվեր, որ Արտաշեսը գործարքից շահույթ է ստանում, հետևաբար պետք է նաև հարկ վճարեր:
Եվ կողմերը նոտարով հաստատված փաստաթղթին ի լրացում նույն օրը համաձայնագիր են կազմել, որով ամրագրել են, որ Ռիտան Ավանեսովան ամսական 600 հազար դրամ է վճարելու Արտաշես Սահրադյանին: Դրանից հետո ևս երկու համաձայնագիր են կազմել` ամեն անգամ նորը կազմելով նախորդը չեղյալ են համարել և ամրագրել այն թիվը, որն այդ պահի դրությամբ կազմել է ողջ պատքը, իսկ վերջին համաձայնագրում ամբողջական գումարը 85 մլն 870 հազար դրամ է: Այս համաձայնագրերը նոտարով չեն հաստատվել, այլ կողմերը միայն ստորագրել են:
Տոկոսների վերջնահաշվարկի ժամանակ կողմերի միջև անհամաձայնություն է առաջացել, և Արտաշես Սահրադյանը դիմել է դատարան` խնդրելով Ռ. Ավանեսյանից բռնագանձել 85 մլն 870 հազար դրամ` որպես փոխառության գումար և 1 854792` որպես այդ գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով հաշվեգրվող տոկոսներ` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` Արաբկիր բնակելի տան և հողամասի վրա: Արտաշես Սահրադյանը 45 մլն 870 հազարի գումարը հիմնավորել է համաձայնագրի մեջ նշված հավելյալ գումարով, որ իբր Արտաշեսը տվել է Ռիտային ավելի ուշ, այլ ոչ թե որպես մայր գումարի տոկոսներ է հաշվարկել:
Ռիտայի ամուսինն ասում է, որ իրենք չեն հրաժարվել Արտաշեսին վճարել 85 մլն 870 հազարը, որովհետև, ըստ իրենց պայմանավորվածության, դա գումարի հաշվարկված տոկոսներն են, սակայն Արտաշեսը փորձել է դոլարով իրենցից վերցնել գումարը: «Ուզում էր ինձի խաբի, փոխանցի դրամը դոլարի: Ինքը «Ամերիա» բանկի աշխատող էր էն բաժնում, որտեղ կուրսերով են զբաղվում: Ինքը իմանալով, որ կուրսերը պիտի փոխվի, ինձի ասում էր, արի փոխենք, նույն 85 մլն-ը գրենք դոլարով: Ես էլ ասի` չէ, ես դոլարով քո հետ գործարք չեմ արել, վերցրել եմ 40 մլն` թեկուզ տոկոսներով, դրամով էլ կվերադարձնեմ: Հիմա ինքը մտել է դատարան, ասում է` սա տոկոսով տված գումար չի, ես քեշ փող եմ տվել, մի հատ էլ տոկոսներն ավելացրել են, դարձրել են 102 մլն»,- ասում է Ալեքսանդրը:
Արտաշես Սահրադյանը, ինչպես նշեցինք, Քաղ. օր.-ի 411 հոդվածով տոկոսներ է պահանջում: Այս հոդվածը պատասխանատվություն է սահմանում դրամական պարտավորությունը չկատարելու համար. «Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների»:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել միայն նոտարական վավերացում ունեցող պայմանագիրը և հօգուտ Ավանեսյանների է վճիռ կայացրել: Դատարանը վճռել է Ռ. Ավանեսյանից հօգուտ Արտաշես Արտակի Սահրադյանի բռնագանձել 40 մլն դրամ` որպես փոխառությամբ տրամադրված գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` Արաբկիրի տան և հողամասի վրա:
Դատարանը հաստատել է, որ լրացուցիչ պայմանագրերը որևէ ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ նշված պայմանագրերով խախտվել են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468 հոդվածի 1-ին կետի (պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից), այնպես էլ կողմերի միջև կնքված հիփոթեքային պայմանագրի 19-րդ կետի պահանջները. նոտարական վավերացում ունեցող պայմանագրի 19-րդ կետում հստակ նշվում է, որ «պայմանագրով կատարված փոփոխությունները և լրացումները օրինական են միայն այն դեպքում, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրվում են կողմերի կողմից` հաստատված նոտարական կարգով»: Հետևաբար, դատարանը համարել է, որ դրանք օրենքի խախտմամբ կնքված պայմանագրեր են, ինչպես նաև գործով ոչ վերաբերելի և թույլատրելի ապացույցներ:
Արտաշես Սահրադյանը բողոքարկել է վճիռը: Վերաքննիչ դատարանը, եռյակ դատավորներ Նախշուն Տավարացյանի, Ստեփան Միքայելյանի և նախագահող դատավոր Դանիել Խաչատրյանի գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է նախորդ ատյանի մերժած մասը: Ամենահետաքրքիրն այն է, գործում առկա փաստերը թվարկելիս դատարանը նշել է, որ 10.05.2007 թվականին կողմերի միջև կնքված լրացուցիչ պայմանագիրը, որի համաձայն` Ռիտա Ավանեսյանը պարտավորվել է մինչև 10.05.2007թվականին կնքված պայմանագրի լուծումը յուրաքանչյուր ամիս Արտաշես Սահրադյանին վճարել 600 հազար դրամ, ստորագրված չէ որևէ մեկի կողմից: Խոսքը լուսանկարում պատկերված փաստաթղթի մասին է:
Վերաքննիչը հիմք է ընդունել 10.03.2009-ի համաձայնագիրը, որտեղ նշված է 85 մլն 700 հազար դրամի պարտքի մասին: Միևնույն ժամանակ, դատարանն անտեսել է նույն համաձայնագրի 2-րդ կետը, որտեղ ամրագրված է, որ վերջնական վճարումը Ռ. Ավանեսովան կկատարի գրավադրած տունը վաճառելուց հետո: Ստացվում է, որ դատարանը հաշվի է առել նույն համաձայնագրի մի կետը, մյուսն անտեսել է, և անստորագիր է համարել մեկ ուրիշ համաձայնագիր, որտեղ ամրագրված է Արտաշեսին ամսական 600 հազար դրամ վճարելու փաստը: Դատարանը պայմանագրին որպես լրացում կազմած երկկողմանի համաձայնագրերը «պարտավորությունը հավաստող ստացական է» է որակել, որը հավաստում է պատասխանողի՝ հայցվորի նկատմամբ բացի 40 մլն դրամ գրավով ապահովված փոխառության գումարից, ևս 45 մլն 870 հազար դրամ առանց գրավով ապահովված պարտքի առկայության մասին: Այդպիսով գրավադրված տունը անցել է Արտաշեսին, իսկ Ավանեսյանների բազմանդամ ընտանիքը հայտնվել է փողոցում:
«Հայցվոր կողմի հիշատակած հիփոթեքի պայմանագրի լրացման մեջ սահմանված է դրույթ, ըստ որի` Ռիտա Ավանեսյանը պետք է իր պարտավորությունը կատարի գրավադրված տունը վաճառելուց հետո: Եթե նույնիսկ ընդունվի, որ հայցվոր կողմի մատնանշած 10.03.2009 թվականի պայմանագիրն ինչ-որ իրավական ուժ ունի, ապա դա պայմանով կնքված պայմանագիր է, որի կատարումը կախված է պայմանագրում նշված պայմանի վրա հասնելու հանգամանքի հետ»,- հիմնավորում է Ռիտա Ավանեսյանի փաստաբանը` Գևորգ Չաքմշյանը:
«20 տարվա արածը մեկ օրում հեչ արին,- ասում է Ալեքսանդր Ավանեսյանը,- ինչու չեն թողնում տունը վաճառենք, իրա գումարը տանք, էդ համաձայնագրում դա էլ էր գրված, 85 չէ, 102-ն մլն-ն էլ կտամ»:
Ավանեսյանները հիմա վարձով բնակարանում են ապրում: «Աղջիկս 12 տարեկան էր, որդիս` 9, երբ լույս էլ չկար, բերեցինք երեխաներին, որ նրանք հայեցի մեծանան: Ծախեցինք Ռուսաստանում բնակարանը, այստեղ տուն գնեցինք, երեխաներին դպրոց տվեցինք, ուսման տվեցինք, կարծես թե կյանքը դասավորվում էր, բայց խարդախների հանդիպեցինք»,- ասում է Ռ. Ավանեսյանը:
«Հիմա թոռնիկս ասում է, դեդո, երբ ենք մեր տուն գնալու: Ես էլ ասում եմ` սա մեր ձմռան տունն է, ամառը գա, կգնանք,- շարունակում է Ալեքսանդրը,- Բաքու տները կորցրեցինք, մեր աչքը չի տենամ, ոնց որ հիմա մեր երկրի, մեր ազգի մեջ չէինք սպասում, որ կարող էր այսպես լինել»:
Վճռաբեկը վարույթ չի ընդունել Ռ. Ավանեսովայի բողոքը: Այժմ Ավանեսյանները վիճարկում են ԴԱՀԿ-ի գործողությունները: Երկու անգամ քրեական գործ է հարուցվել վաշխառության և խարդախության հիմքերով: Սակայն Արտաշես Սահրադյանը որպես մեղադրյալ չի ներգրավվել գործում, դրանք կարճվել են, իսկ դատախազությունը երկու ամգամն էլ գործը ետ է ուղարկել նոր քննության: Արդեն երրորդ անգամ է քրեական գործ հարուցվել, այժմ սպասում են քննիչի որոշմանը:
Փորձեցինք խնդրի շուրջ զրուցել և պարզաբանումներ ստանալ նաև Արտաշես Սահրադյանից: Վերջինս ասաց, որ դա իր համար «շատ տհաճ թեմա է», և այդ պահին հարմար չէ զրուցել, ասաց, որ հարմար պահի կզանգահարի, սակայն մինչ հոդվածի հրապարակումը նա չէր զանգահարել:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել