Ծափահարում եմ հպարտությամբ
Դենիս Փրայս
Դուք հավատու՞մ եք, որ կյանքում լինում են պահեր, որ ունակ են լցնել մեզ երջանկությամբ կրկին ու կրկին, ամեն անգամ, երբ մտաբերում ենք դրանք։
Ես Խաղաղության Կորպուսի կամավոր եմ ԱՄՆ-ից, ապրում եմ Ստեփանավանում, եւ անցյալ տարի գարնանային մի օր ապրեցի հենց այդպիսի պահեր։ Ահա պատմությունս, որ ուզում եմ կիսել ձեզ հետ։
Եվ այսպես, ես զբաղեցնում եմ նստարանս առաջին շարքում, Դոնի կողքին, ուր մեզ ուղեկցում է իմ փոքրիկ ընկեր Աիդան։ Ես լի եմ երջանկությամբ։ Այն հիմար ժպիտը, որ դեմքիս է հենց այն պահից, երբ մտա դպրոց, չի անհետանում։ Սենյակն այժմ լի է շուրջ 20 7-12 տարեկան տղաներով եւ աղջիկներով. մեծամասնությունը կարծես ճանաչում է ինձ։
- Ողջու'յն,-լսվում է բոլոր կողմերից։
- Ողջու'յն,-պատասխանում եմ ես՝ այսուայնկողմ շրջվելով։
- Դենիս, ես Ձմեռն են,-լսում եմ ներքեւ։
- Օհ, դու պետք է որ սառը լինես,-պատասխանում եմ։
- Ես Դեկտեմբերն եմ,-ավելացնում է փոքրիկը։
- Ես դեկտեմբերին եմ ծնվել, դու պետք է որ լավ մարդ լինես,-ենթադրում եմ։ Հըմ: Ինչեւէ։
Սա ոգեւորիչ է։ Շուտով հասկանում եմ, որ սա այն պահերից է, որ միշտ հիշելու եմ։ Բայց ես պետք է թաքցնեմ զգացմունքներս, պարփակվեմ ճաղերի ետեւում... գոնե մի երկու ժամ։ Տեսախցիկս մոտս չէ, եւ դա իսկական հանցանք է։
Թույլ տվեք ձեզ 30 րոպե ետ տանել։ Ես նստած եմ Ստեփանավանի նորաբաց գրադարանում։ Ռուզաննան եւ ես այստեղ ենք որպես Լեզվի Կենտրոնի ներկայացուցիչներ. մեզ հետ է նաեւ Դոնը, ով մեկն է Ստեփանավանում ապրող մյուս երկու կամավորներից։ Այսօր գրադարանում ներկայացում է՝ նվիրված թուրքերի իրագործած Հայոց Եղեռնին, որ տեղի է ունեցել 90 տարի առաջ։ Ներկայացումը գեղեցիկ է։ Երիտասարդ կինը բացեց այն՝ հայերեն արտասանելով մի բանաստեղծություն, որը ես թրեյնինգիս ժամանակ արտասանել էի 100-ավոր մարդկանց առջեւ։
Սակայն սա ուրիշ բանաստեղծություն է։ Այս ձայնի մեջ ուժ կա, խորություն, պատմություն, հպարտություն։ Իմ ձայնի մեջ ոչինչ չկար։
Այժմ ուշադիր լսում եմ այլ երիտասարդ կնոջ, ով երգում է։ Հնչյունները դուրս են գալիս նրա բերանից, եւ ես ողջ մարմնով զգում եմ դրանք։ Ես հետեւում եմ նրա յուրաքանչյուր ելեւէջին, դադարին, անցումին, յուրաքանչյուր հոգոցին։ Նրա հագին վառ կարմիր շապիկ է՝ վրան գրված «WANT YOU! to go away» ( Ո ւզում եմ, որ հեռանաս)։ Նա կատարյալ է։
Բայց ես պիտի հեռանամ այստեղից։ 20 րոպեից հանդիպելու եմ Աիդային եւ դեռ պետք է ավտոբուսից չուշանամ, Աստված գիտե' այն ե՞րբ կգա։
Ես կամաց բարձրանում եմ տեղիցս վերջին շարքում։ Այդ տեղն ընտրել եմ գիտակցաբար, որպեսզի ուշադրություն չգրավեմ։ Չի ստացվում։ Յուրաքանչյուր արարքս այստեղ ուշադրության է արժանանում։
Ես Դոնի հետ դուրս եմ գալիս։
-Հրաշալի էր,-շշնջում եմ միջանցքում։
-Այո,-համաձայնում է Դոնը։
Ես չեմ ասում, որ Եղեռնի հիշատակը կարեւոր չէ։ Ընդհակառակը։ Բայց դա կենտրոնացում է անցյալին, ինչը վատ չէ, բայց ոչ ինձ համար այսօր, երբ ես ցատկում եմ ավտոբուս, որն ինձ տանում է դեպի Հայաստանի ապագան։ Այն այժմ թիվ 5 դպրոցում է՝ մարմնավորված Գարնան, Ամռան, Աշնան, Ձմռան եւ բոլոր 12 ամիսների մեջ, որոնք պատրաստվում են ցույց տալ աշխարհին, թե անցյալ տարվա ընթացքում ինչ լավ են սովորել անգլերեն։
Ես ուշացել եմ։
Սակայն մենք դեռ ստիպված ենք սպասել դպրոցի տնօրենին, ում հետ մի քանի շաբաթ առաջ խմել ենք մի քանի բաժակ օղի, հանգամանք, որը նա հայտարարելու է քիչ անց բոլոր աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների առջեւ։ Ես կհասկանամ, որ նա այդ հայտարարեց, երբ նրա բերանից լսեմ "cheers", ու ամբոխը կդառնա ինձ, եւ ես կորսամ Աիդայի հայացքը, որն ասում է. «Գժվե՞լ ես, ինչ է»։
Տնօրենը ժամանում է, եւ նրանք սկսում են։
Ես պաշտում եմ նրանց։ Նրանց անգլերենը մեծամասամբ սոսկալի է՝ մի քանի բացառություններով։ Բայց հիացմունքը չի անհետանում դեմքիցս։ Որտեղի՞ց նրանց այսքան համարձակություն եւ վստահություն։ Ամենաքաշվածներն անգամ (ինձ նման, երբ այդ տարիքին էի) գլուխ են հանում։ Նրանց ներկայացման սյուժեն բավական բացահայտ է։ Հայ տղան արթնանում է տարօրինակ մի տեղում, ուր մարդիկ խոսում են միայն անգլերեն։ Կարմիր Գլխարկը եւ Պինոկիոն գալիս են նրան օգնելու, այնուհետեւ Եղանակներն ու Ամիսները ներկայանում են կորած տղային, եւ վերջում տղան խոսում է անգլերեն (ընդամենը Եղանակների եւ Ամիսների անունները)։ Ամենազավեշտալի պահն այն է, որ բոլոր ներկաներից միայն ես եւ Դոնն ենք հասկանում անգլերեն ներկայացումը։
Աիդան աստղ է։ Նա գարունն է եւ ծաղիկ հավաքելիս պարում է մի փոքրիկ, սքանչելի պար։ Նրա հագին գիշերային զգեստ հիշեցնող կանաչ կոստյում է՝ դեղին եւ կարմիր ծաղիկներով։ Կարմիր պլաստիկ ծաղիկները զարդարում են նրա գլուխը։ Նա փայլում է։
Ներկայացման ավարտին Դոնը եւ ես հպարտությամբ ծափահարում ենք։ Չգիտեմ՝ ինչու ենք հպարտ, մենք ոչինչ չենք արել։ Հետո ես տեսնում եմ անգլերենի երիտասարդ ուսուցչուհուն, ով, երբ բղավում է դասարանի վրա՝ պահանջելով լռություն, վախեցնում է ինձ, սակայն այժմ նա շարժվում է դեպի մեզ, եւ ես կռահում եմ՝ ինչ է տեղի ունենալու։
«Գրողը տանի»,-բացականչում եմ ինքս ինձ։
-Դենիս, կարո՞ղ ես մի բան ասել մեր երեկույթի վերաբերյալ։
Չգտեմ ինչու նա հանդեսը կոչեց երեկույթ, մի վայրկյան դա ինձ ջղաձգում է։ Ինձ խնդրեցին ելույթ ունենալ երեխաների, ուսուցիչների, ծնողների առջեւ, բայց ես պատրաստ չեմ։
«Չէ, կարծում եմ դրա կարիքը չկա» պարզ պատասխանն ամենաառաջինն է, որ գալիս է միտքս, բայց ամենավերջինը, որ կարող եմ տալ այս պահին։
Երբ տեղիցս բարձրանում եմ' ողջունելու դահլիճին, «խոսիր հայերե'ն» լսում եմ։ Կարծում եք, ես ցանկացա ցույց տալ այս երեխաներին, որ այլ լեզու սովորելը սքանչելի է, չէ՞։ Ես իրոք ուզում եմ։ Բայց չեմ կարող, պապանձվել եմ։
Արյունը խփում է դեմքիս, եւ ես արտաբերում եմ մի գարշելի նախադասություն. «Շուտով աշակերտներն ի վիճակի կլինեն խոսել հետս»։ Անգլերեն, ո'չ հայերեն։ Եվ գիտեմ' բոլորն այս սենյակում հիասթափվեցին ինձանից, եւ այն ամենը, ինչ ուզում եմ, նստել տեղս, հագնել այդ հիմար ժպիտը դեմքիս եւ հպարտությամբ ծափահարել։
Ես բաց թողեցի հնարավորությունը։ Ես նույնիսկ չկարողացա շրջվել դեպի երեխաները եւ ասել.
-Սա ամենահամարձակ ներկայացումն էր, որ երբեւէ տեսել եմ կյանքումս։ Սովորեք անգլերեն, խնդրում եմ, սովորեք անգլերեն, բայց երբեք չմտածեք, որ անգլերենն ավելի կարեւոր լեզու է, քան ձեր հայերենը։ Միշտ հիշեք, որ անգլերենն ընդամենը միջոց է, որ կբացի այնքան շատ հնարավորություններ ձեր պայծառ, երջանիկ ապագայի համար։ Դուք եք ապագան, դուք բոլորդ փոքրիկ, կատարյալ մարդուկներ եք, որոնցով ես հպարտանում եմ։
Եվ ես չշրջվեցի դեպի ծնողներն ու չասացի.
-Դուք ամենալավ ծնողներն եք այս աշխարհում, որովհետեւ այսօր եկել եք դիտելու ձեր որդիներին եւ դուստրերին, եւ միգուցե դա լավագույնն է, ինչ կարող եք անել ձեր երեխաների համար, որովհետեւ ես հիշում եմ, թե ինչպես էին իմ ծնողները միշտ գալիս ինձ դիտելու, ծափահարելու ինձ, նույնիսկ, երբ ես այնքան վատ էի անում ինչ-որ բան, որքան ձեր երեխաները խոսում են անգլերեն։
Եվ ուսուցիչներին.
-Ես ուզում եմ նման լինել ձեզ, դուք անում եք աշխարհում ամենալավ աշխատանքը, դուք ավելի կարեւոր եք, քան քաղաքապետը։
Եվ տնօրենին.
-Ինչու՞ պատմեցիր բոլորին, որ մենք խմել ենք միասին։ Ահ, մի ' անհանգստացիր, քո բեղերը կատարյալ են, եւ դու շատ լավ մարդ ես, որովհետեւ այստեղ ես այսօր եւ ցույց ես տալիս, որ մտահոգվում ես։
Եվ բոլորին, նախքան քաղաքավարի խոնարհվելն ու տեղս զբաղեցնելը.
-Այսօր այդ պահերից մեկն էր։ Այն այնքան գեղեցիկ էր, այնքան զորեղ, որ ինձ երջանկություն կպարգեւի ամեն անգամ այն հիշելիս։ Ընդմիշտ։ Եվ դրա համար ես շնորհակալ եմ ձեզ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել