HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի այս կողմում

Շատ հայ երիտասարդների երազանքների վայրում ենք' Եվրոպայում, ես ու նա, որին ես Արսեն կանվանեմ այսուհետ, որովհետեւ չուզեց իր իսկական անունը նշել: Նրան հանդիպեցի ավտոբուսի մեջ, հեռախոսով քրոջս հետ էի խոսում: Երբ վերջացրի, ինձանից մի քանի նստարան առաջ նստած երիտասարդը շրջվեց ու ժպտալով հարցրեց. «Հա՞յ ես: Չէի մտածի: Կարծեցի իրենցից ես»:

Սովորական հայ երիտասարդ էր, թերեւս իմ տեսած հայ երիտասարդներից մի քիչ տարբեր հագուկապով: Ասացի' «հայ եմ» ու դեռ մտածում էի այդ «իրենցից»-ի մասին:

Այսպես ծանոթացա Արսենի հետ: Հետո սկսեցինք պարբերաբար հանդիպել, երկար զրուցում էինք: Ինչ-որ պահի դարձանք մոտ ընկերներ: Ինչպե՞ս է բանգլադեշցի Արսենը հայտնվել հեռավոր Նորվեգիայի այս փոքրիկ քաղաքում: Այդ մասին նա պատմեց մեր երրորդ հանդիպման ժամանակ:

«Երբեք մտքովս չի անցել Նորվեգիա գալ: Հայաստանում բան չկար անելու, ոչ աշխատանք ունեի, ոչ էլ' ուսումս շարունակելու հնարավորություն: Հորեղբայրներիցս մեկը երկար ժամանակ արդեն ապրում էր Ավստրիայում, հրավիրեց իր մոտ: Շատ էի ուզում գնալ, նրանց նման աշխատել, մարդավարի ապրել, մորս ու քրոջս օգնել»:

Մեկ տարի առեւտուր անելուց եւ հորից ժառանգություն ստացած բնակարանը վաճառելուց հետո Արսենը կարողացել է հասնել Ավստրիա: Ու տեղ հասնելուց հետո է միայն իմացել, որ իր երազած «մարդավարի» կյանքի համար, հորեղբոր առաջարկած աշխատանքից բացի, երկրում մնալու թույլտվություն է պետք:

«Երկու անգամ կացության իրավունք ստանալու դիմումներս մերժեցին: Շատ անօրինական եկածներ դրա համար ամուսնանում են տեղացիների հետ: Հիմա կառավարությունը շատ զգույշ է, բացի այդ, տեղացի աղջիկներին էլ այդքան հեշտ չես խաբի: Հետո մի ծանոթ ռուս տղայից լսեցի, որ ավելի հեշտ է Նորվեգիա գնալը, հարուստ երկիր է: Երբեք չէի մտածել այստեղ գալու մասին: Երկրի մասին իմացածս էլ աշխարհագրության գրքերից էր: Բայց չէի կարող վերադառնալ հետ' Երեւան: Ի՞նչ երեսով գայի, գայի ի՞նչ անեի»,-պատմում է Արսենը:

Նորվեգիայում 2 տարի 6 ամիս փախստականների ճամբարում բնակվելուց հետո Արսենը հաստատվում է մի փոքրիկ քաղաքում. «Արդեն 4 տարի այստեղ եմ: Աշխատում եմ, մի քիչ նորվեգերեն եմ սովորել, անընդհատ պետք է գալիս: Կարողանում եմ մորս ու քրոջս օգնել, բայց շատ չէ: Դե, դու էլ գիտես, թե այստեղ կյանքն ինչքան թանկ է: Դժվար է»:

Այս տարի ամռանը' մեկնումից 7 տարի անց, Արսենը գնացել էր Հայաստան:

«Երեւանում բոլորը ինձ նախանձով էին նայում, մտածում են' այստեղ ամեն ինչ արտակարգ է: Ախր ո՞ւմ բացատրես, կամ ինչպե՞ս, որ այստեղ չկա էն «մարդավարի կյանքը», որ ամենքն ուզում են: Այստեղ ինչ որ կա, իրենց համար է, եւ լավ է իրենց համար: Մենք տարբեր ենք, մի կերպ ենք դիմանում այս կյանքին: Կհավատա՞ս' այստեղ բացի քեզանից մեկ էլ մի ռուս ընկեր ունեմ, մի ընկեր Պակիստանից ու մեկն էլ Սոմալիից: Մի հայ տղա կար, որի հետ ճամբարում միասին էինք ապրում, բայց վերջերս մերժվեց: Հիմա կարծեմ Ուկրաինա է գնացել»:

Նա մի պահ լռեց' կարծես մտքերը հավաքելու. «Հետո գիտե՞ս, որ քո հողը չի, ինչքան էլ ազատ ու դեմոկրատ երկիր լինի, իրենց համար է: Դու օտար ես: Չէ, այսպես ապրելը հայի համար չի, մենք հպարտ ժողովուրդ ենք»:

«Ինչո՞ւ ետ չես գնում»,-մի օր հարցրի նրան:

«Որ գնացի ետ, ի՞նչ պիտի անեմ: Ոչ մի բան չեմ սովորել, անգամ դպրոցը նորմալ չեմ ավարտել: Հետո, բանակի խնդիր կա: Որ գնամ բանակ, ո՞ւմ հույսին թողնեմ մորս ու քրոջս»:

Ես շուտով հեռանալու եմ այն երկրից, ուր Արսենն է ապրում, բայց մի տեսակ տխրում եմ, որովհետեւ հեռավոր հյուսիսում ապրող այդ տղայի ընկերների թիվը իմ հեռանալով մեկով պակասելու է:

Որ վերադառնամ Հայաստան, նրան անպայման նամակ կգրեմ ու կասեմ, որ ինքը ճիշտ է, բայց, ինչպես հին սկանդինավներն են ասում. «Քանի դեռ ճանապարհի վերջին մի տուն կա կանգնած, ետդարձի ճանապարհ միշտ կա»:

Էմմա Խաչատրյան
Նորվեգիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter