HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանուն ժողովրդի` իշխանության համար

Հանրային հեռուստատեսությունը Հարավային Կովկասի երկրներում

Քեթեվան Սադգոբելաշվիլի

Վրաստանում հանրային հեռուստատեսության ստեղծման մասին

Վրաստանի պետական հեռուստատեսությունը, որն իր գոյության կես դարի ընթացքում միշտ էլ վայելել է Վրաստանի բոլոր նախկին իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը, արդեն քանի ամիս հեռուստադիտողներին հայտնում է այն մասին, որ վերափոխվել է հանրայինի (հավանաբար, իներցիայով շարունակելով ստել)՝ դրանով իսկ վարկաբեկելով գաղափարի բուն էությունը եւ հասարակությանը վարժեցնելով այն մտքին, թե հանրային հեռուստատեսությունն այնքան էլ չի տարբերվում պետականից։ Վաղուց ուժի մեջ է մտել հանրային հեռարձակման մասին օրենքը: Կասկածելի պայմաններում (պառլամենտում ձեռքից ձեռք էր անցնում անցողիկ մարդկանց ցուցակը, որն ամենայն հավանականությամբ իջեցվել էր «վերեւից») պառլամենտը հաստատեց խորհրդի անդամներին: Բայց հանրային հեռուստատեսության հետ կապված այդ անվերջ ձգձգվող մակերեսային գործընթացները որեւէ էական բան չեն փոխում։

Եթե չհաշվենք ռուսական ORT -ի ձախողված օրինակը, ապա հետխորհրդային տարածքում հանրային հեռուստատեսություն ստեղծելու փորձեր գրեթե չեն ձեռնարկվել։ Պատճառը պարզ է. հանրային հեռուստատեսությունը հաջողությամբ գործում է այն երկրներում, որտեղ առաջին հերթին բարձր է ժողովրդավարության եւ հետեւաբար՝ տեղեկատվամիջոցների ազատության մակարդակը եւ, որ խիստ կարեւոր է, գոյություն ունի միջին խավ, որի բաժանորդային մուծումների հաշվին էլ գոյատեւում են հանրային ալիքները։

Հանրային հեռուստատեսության սկզբունքները Վրաստանում աղճատված ձեւեր ընդունեցին արդեն այն ժամանակ, երբ հանրային հեռուստատեսության ղեկավար խորհրդի անդամների ընտրության մրցույթի մասին հայտարարությունն աննկատ ձեւով տպագրվեց ընթերցող չունեցող «Սաքարթվելոս ռեսպուբլիկա» պաշտոնական թերթում։ Սրանով մասնակիորեն հաստատվեցին այն կասկածները, որ ներկա իշխանությունը, ինչպես եւ նախորդները, ցանկություն չունի զիջելու հեռարձակման կառավարման սանձերը։ Սրանից հետո հայտնվեց (արդեն անկախ թերթում) այն 80 թեկնածուների ցուցակը, որոնք ցանկություն էին հայտնել կառավարել հանրային հեռուստատեսությունը։ Այս ցուցակից երկրի նախագահը «ձեռքը ձեռք է լվանում» սկզբունքով ընտրեց 18 հոգու եւ ներկայացրեց պառլամենտին։ Դրանցից վեցին պառլամենտական մեծամասնությունը (սա կարեւոր է պատմության համար) տվեց խորհրդի մասնակցության մանդատ, բայց ի՞նչ սկզբունքով՝ մնաց անհասկանալի։ 80 թեկնածուներից նախագահը չկարողացավ ընտրել այնպիսի մարդկանց, որոնք հեռուստատեսության առանձնահատկություններին ծանոթ լինեին ոչ ամսագրերից ու գրքերից կամ ինտերնետից։ Խորհրդի վեց անդամներից մեկը նշանավոր պարուհի է, երկրորդը՝ քաղաքագետ, երրորդը՝ բժիշկ, չորրորդը՝ փիլիսոփա եւ միայն մեկը՝ լրագրող։ Հակառակ համընդհանուր հարգանքի, որ այդ մարդիկ վայելում են հասարակության մեջ, նրանք հազիվ թե կարողանան սկզբունքային մոտեցում դրսեւորել այս կամ այն հարցի առնչությամբ, քանի որ անծանոթ են հեռուստատեսության առանձնահատկություններին։ Հեռուստաէկրանի առաջ նստելը եւ հեռուստահաղորդում պատրաստելը բացարձակապես տարբեր բաներ են։ Ընդ որում՝ հանրային հեռուստատեսության մասին օրենքում այս խորհրդի գործառույթների մասին ուղղակի ասված է, որ հենց այս մարմինն է նշանակում գործադիր գլխավոր տնօրենին, որոշում հանրային հեռարձակման ծրագրային նախապատվությունները, հաստատում կանոնադրությունը, բյուջեն եւ բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ Էլ չխոսենք այն մասին, որ խորհրդի անդամները պետք է «ապահովեն ծրագրերի խմբագրական անկախությունը, արդարությունն ու անկողմնակալությունը, ազատությունը պետական, քաղաքական, կրոնական եւ կոմերցիոն ազդեցություններից»։ Ինչ վերաբերում է ծրագրային նախապատվություններին, ապա այստեղ նույնպես ամեն բան պարզ չէ։ Եթերային քաղաքականությունը որոշելու, լսարանի կարիքները հասկանալու եւ հաշվի առնելու կամ առանձին հաղորդումը գնահատելու համար բավարար չեն սուբյեկտիվ գեղագիտական սկզբունքները («դուր է գալիս, թե դուր չի գալիս»)։ Ես, օրինակ, մի քիչ կողմնորոշվում եմ բժշկական գործիքների մեջ եւ սիրում եմ բալետ դիտել, բայց երբեք չեմ համարձակվի հոբբի դարձնել վիրաբուժական օպերացիաները կամ բեմի վրա բալետային որեւէ պարտիա պարելը։ Ուրեմն, խորհուրդը պետք է հավաքվի ոչ թե ամսական առնվազն մեկ անգամ հավուր պատշաճի, ընդ որում՝ «առանց հիմնական գործունեությունից կտրվելու», ինչպես ասված է օրենքում, այլ աշխատի օրուգիշեր՝ վարելու համար այն խոպանը, որ կոչվում է հանրային հեռուստատեսություն։ Խորհրդի անդամներից շատերը հայտարարում են, թե հեռուստատեսության առանձնահատկությունն իմանալը բնավ պարտադիր չէ, որ կարող են ի վերջո հրավիրել BBC-ի գործադիր մենեջերին, եւ նա կկազմի ծրագրերը։ Չգիտես ինչու, Վրաստանում բոլորը գիտեն ֆուտբոլ խաղալ եւ հեռուստաալիք կառավարել։ Իսկ եթե իրենք չկարողանան, ապա արտասահմանցիները կան ու կան։ Այդ մոտեցումը «հաջողությամբ» փորձարկվեց վրացական ֆուտբոլում, հերթն այժմ վրացական հեռուստատեսությանն է։

Ինչ վերաբերում է հանրային հեռուստատեսության անկախության աստիճանին, ապա դժվար է խոսել մեդիայի անկախության մասին մի երկրում, որտեղ դատական իշխանությունն ուղղակիորեն կախված է իշխանության տրամադրություններից, իսկ օրենսդիր օրգանում մեծամասնությունը ընտրում է «նրա համար ցանկալի» թեկնածուների՝ ըստ վերեւից իջեցված ցուցումների։

Որպես տեղեկանք. BBC-ի ( որի հանրային հեռարձակման մոդելը իբրեւ թե հանրայինի վերափոխվող առաջին պետական ալիքը ընտրում է որպես հիմք ) տնօրենների խորհրդի 12 անդամներին 5 տարի ժամկետով նշանակում է թագուհին։ Իր հերթին Խորհուրդն ընտրում է գլխավոր գործադիր տնօրեն, իսկ ինքը կատարում է յուրատեսակ շանթարգելի դեր՝ իր վրա վերցնելով հասարակական քննադատությունը եւ քաղաքական գործիչների հարձակումները։ Դժվար է ասել, թե մեր հանրային հեռուստատեսության խորհուրդը որքանով կառաջնորդվի այս սկզբունքներով։ Այն հեռուստատեսության, որին մենք երկար ենք սպասել, քանի որ Վրաստանի հեռուստակայանների անկախության չափն ուղիղ համեմատական է իշխանությունների շահերին։ Դրանց տերերի ֆինանսական շահերն այնպես են կախված իշխանավորների բարեհաճությունից, որ, օրինակ, նախագահի յուրաքանչյուր ճեպազրույց կարելի է միաժամանակ դիտել վրացական բոլոր չորս խոշոր հեռուստակայնների եթերում։ Եվ «մեդիայի ազատության» այսպիսի արժեզրկումը դարձել է սովորական բան։

Ուշացած հարց. ի՞նչ է պետք, որպեսզի Վրաստանում ստեղծվի եւ ոտքի կանգնի հանրային հեռուստատեսությունը։ Պատասխանը պարզ է. հասարակության կամքը։

Հասարակական մենթալիտետը ցանկացած երկրում շատ ավելի մեծ չափով կախված է հենց իրենից՝ հասարակությունից, քան իշխանությունից։ Եվ իզուր ենք հպարտանում, թե մեզ մոտ արդեն կան քաղաքացիական հասարակության սաղմերը. դեռ շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր հասարակությունը ձերբազատվի իներտությունից, հույսն ուրիշների վրա դնելուց եւ «իսկ ի՞նձ ինչ» սկզբունքից։ Ինչ վերաբերում է երրորդ սեկտորի ներկայացուցիչներին, ապա ինձ թվում է, որ հանրային հեռուստատեսության նկատմամբ նրանք ամենայն հավանականությամբ առաջնորդվել են նեղ անձնական շահերով. իրենց նեղություն չեն տվել՝ քննադատելու իշխանությանը եւ հասարակությանը հիշեցնելու իր իրավունքների մասին, եթե չհաշվենք մի ասուլիս եւ մի քանի էպատաժային հեռուստաելույթներ։

Հանրային հեռուստատեսությունը դեռ շատ պատվերներ կստանա ժողովրդի անունից, կողողվի «ի շահ ժողովրդի» պատրաստվող հաղորդումներով, գործի կդրվի «հաց եւ զվարճանք» սկզբունքը՝ «հարդուկելով» քաղցածների գլուխը։ Ժողովրդի անունից կարվի նույն բանը, ինչ արվում էր նախկինում, իսկ ժողովուրդն ու հասարակությունն այդ մասին ոչինչ չեն իմանա։ Նման հոռետեսության հիմք արդեն իսկ տալիս է հանրային (պետական) հեռուստատեսության նկատմամբ իշխանության կողմից դրսեւորվող սեփականատիրական վերաբերմունքը, ինչպես նաեւ հասարակության լիակատար անտարբերությունն ու անվստահությունը։ Մի բան, որ քայքայիչ է թե՛ հասարակության, թե՛ իշխանության համար։

Իսկ ընդհանրապես , եթե վերաձեւակերպենք Մարկեսի հայտնի արտահայտությունը, ապա «յուրաքանչյուր հասարակություն արժանի է այն հեռուստատեսությանը, որն ունի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter