Հայկական կողմը կօգտվի նաեւ Վրաստանի փորձից
Փոխվարչպետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
Քննարկվել են Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնմանը վերաբերող, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ա. Գեւորգյանը նշել է, որ երկու երկրները դեռեւս լիովին չեն օգտագործում փոխգործակցության առկա ներուժը եւ ակնկալեց դեսպանի աջակցությունը` տարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանում տեղական եւ տարածքային կառավարման մակարդակում, ընտանեկան նպաստի համակարգում, քաղաքային տնտեսության, ջրամատակարարման համակարգերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման եւ փոխգործակցության հնարավորություններով:
Ա. Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ, անցած տարի անդամակցել է նաեւ Եվրոպական ռեգիոնների ասամբլեային: Կազամակերպության անդամ են Վրաստանի հետ սահմանակից Լոռու եւ Տավուշի մարզերը, ակնկալվում է նաեւ Շիրակի մարզի անդամակցությունը:
Փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ միջռեգիոնալ համագործակցությունն ավելի լայն հնարավորություններ կստեղծի եվրոպական կառույցների կողմից տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով:
Նա տեղեկացրել է, որ մարզպետներին առաջարկվել է այցելություններ կազմակերպել Վրաստան եւ տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային գործակցության ակտիվացմանը: Նա համաձայնել է, որ երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման լուրջ ներուժ կա` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ներուժի բացահայտմանը, ինչպես նաեւ մարզպետների փոխայցելությունների կազմակերպմանը:
Ա. Գեւորգյանը նշել է, որ համակարգի բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքներում հայկական կողմը կօգտվի նաեւ Վրաստանի փորձից: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել