Վտանգված է Իրանի ծննդյան վկայական «Փասարգադը»
Արամ Շահնազարյան
Սեպտեմբերի 9-ին Բրիտանական թանգարանում բացվեց մի ցուցահանդես, որը կրում է «Մոռացված կայսրություն. հին Իրանի աշխարհը» (FORGOTTEN EMPIRE - THE WORLD OF ANCIENT PERSIA) խորագիրը: Չորս ամիս շարունակ Բրիտանական թանգարանի «Մերձավոր արեւելքի» բաժնում ցուցադրվելու են Աքեմենյանների ժամանակաշրջանին պատկանող 400 եզակի նմուշներ, որոնք առաջին անգամ են ի մի բերվել մի հարկի ներքո: Միեւնույն ժամանակ, իրանցի ակտիվիստներն իրենց վերջին ջանքերն են գործադրում, որպեսզի վերջնական կործանումից փրկեն Աքեմենյանների քաղաքակրթության բնօրրանը:
Ջրասուզման վտանգ
Իրանի էներգետիկայի նախարարությունը նախատեսում է 2006թ. շահագործման հանձնել Շիրազ քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող «Սիվանդ» ջրամբարը: Ջրամբարի կառուցապատման աշխատանքները սկսվել են դեռեւս 1992թ.՝ Բոլաղի կիրճում, որն ունի 620 մ երկարություն, 60 մ բարձրություն, իսկ տարողությունը 255 մլն խմ է: Ջրամբարի շահագործման դեպքում ջրասուզվելու է 12.000 հա տարածք: Բոլաղի կիրճից դեպի հյուսիս ձգվում է Մորղաբ դաշտը, իսկ դեպի հարավ՝ Մարվդաշտը:
Մորղաբ դաշտում է գտնվում «Փասարգադը»՝ Աքեմենյան կայսրության հիմնադիր Մեծն Կյուրոս արքայի դամբարանը, ինչպես նաեւ՝ «Թաղթ է Ռուստամը», Մեծն Դարեհ արքայից հետո գահակալած գրեթե բոլոր աքեմենյան շահենշահների ժայռափոր դամբարանները: Մարվդաշտում է սփռված «Թաղթ է Ջամշիդը»՝ Պերսեպոլիսի աշխարհահռչակ ավերակները:
Իսկ Բոլաղի կիրճով անցնում է Մեծն Դարեհ արքայի կողմից կառուցված մարդկության պատմության առաջին մայրուղին՝ «Ջադեյէ Շահենշահին» (թագավորական մայրուղի), որի սալապատ հետքերը պահպանվում են մինչ այսօր: «Սիվանդ» ջրամբարի հեռավորությունը «Թաղթ է Ջամշիդից» կազմում է 38 կմ, իսկ «Փասարգադից»՝ 13 կմ:
Սա նշանակում է, որ ջրամբարի լիարժեք օգտագործման դեպքում դեպի հյուսիս ձգվող ջրավազանը լավագույն դեպքում կանգ կառնի «Փասարգադից» 4 կմ հեռավորության վրա:
Սա բնավ էլ մխիթարական չէ, քանզի, հնագետների կարծիքով, ջրասուզվող տարածքներում է գտնվում Աքեմենյան կայսրության առաջին մայրաքաղաքը, ինչպես նաեւ՝ բազմաթիվ այլ բնակավայրեր, որոնք եզակի տեղեկություններ են պարունակում Աքեմենյանների քաղաքակրթության մասին: Փաստորեն, հիշյալ տարածքներում է հիմնվել եւ իր զարգացումն ապրել Աքեմենյանների կայսրությունը: Այլ խոսքով, այդ տարածքները կարելի է համարել Իրանի ծննդյան վկայականը:
«Փասարգադի» եւ «Թաղթ է Ջամշիդի» ճակատագիրը
Հենվելով վերը նշված թվային տվյալների վրա` «Սիվանդ» ջրամբարի պատվիրատու Իրանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ որեւէ վտանգ չի սպառնում այդ տարածքների երկու գլխավոր կառույցներին՝ «Թաղթ է æամշիդին» ու «Փասարգադին»: Սակայն որոշ հնագետներ ու Ճարտարապետներ գիտականորեն անհիմն են համարում նրանց այս տեսակետը: Կասկածից վեր է, որ ավելի քան 2000-ամյա վաղեմություն ունեցող այս եզակի կառույցները հրաշալիորեն պահպանվել են հիմնականում տարածաշրջանի չոր կլիմայական պայմանների շնորհիվ:
Հնագետները գտնում են, որ ջրամբարի օգտագործման արդյունքում գոյացող հսկայական լճակը կարճ ժամանակահատվածում կտրուկ կփոխի տարածքի միկրոկլիմայական պայմանները, ինչն ավերիչ հետեւանքներ կունենա հիշյալ կառույցների համար: Բացի այդ, նրանց կարծիքով Մորղաբի եւ Մարվդաշտի հողային կառուցվածքն այնպիսին է, որ ջուրը հեշտությամբ կթափանցի «Փասարգադ» ու «Թաղթ է Ջամշիդ»՝ խարխլելով դրանց հիմքերը: Այս բոլոր փոփոխությունները կարող են հիմնահատակ ու անվերադարձ ավերել մարդկային քաղաքակրթության այս գոհարները:
Ինչպե՞ս է սաղմնավորվել պատմա-մշակութային այս աղետը
Խնդրի հետ առնչվող բոլոր անձինք ու կազմակերպությունները միակարծիք են, որ աղետը սաղմնավորվել է բացառապես Իրանի մշակութային ժառանգության պահպանման ու զբոսաշրջության կազմակերպության թերի եւ անփույթ գործունեության արդյունքում, որն իր տեսադաշտից դուրս է թողել ավելի քան մեկ տասնամյակ երկրի կարեւորագույն պատմա-մշակութային կենտրոնում կատարվող գործողությունները:
Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ դեռեւս 1992թ.` ջրամբարի կառուցման նախօրեին, բազմիցս դիմել են հիշյալ կազմակերպության ղեկավարությանը՝ պահանջելով նրանց մասնագիտական կարծիքը: Սակայն, չստանալով որեւէ պատասխան, սկսել են կառուցապատման աշխատանքները:
«Մշակութային ժառանգության պահպանման ու զբոսաշրջության կազմակերպությունը դեմ չէ «Սիվանդի» ջրամբարի կառուցմանն ու չի խոչընդոտելու նրա շահագործմանը»՝ այսպես է վերնագրված «ԻԼՆԱ» լրատվական գործակալության հարցազրույցը հիշյալ կազմակերպության արդեն նախկին տնօրեն Սեյեդ Հուսեյն Մարաշիի հետ: Իր ղեկավարած կառույցի աններելի սխալը քողարկելու նպատակով պրն. Մարաշին հայտարարել է. «Քաղաքակրթությունն Իրանում 9000-ամյա վաղեմություն ունի: Այն զարգացել է միեւնույն բնակավայրերում, իսկ սա փաստում է, որ նոր քաղաքակրթությունները կառուցվել են հին քաղաքակրթությունների տեղում: Չի կարելի ջրամբարների կառուցումը, որն Իրանի ներկա եւ ապագա քաղաքակրթության պահանջն է, զոհել հանուն հնությունների պահպանման»: Նա ավելացրել է. «Իրանի բոլոր կիրճերում բնակվել են հին ժողովուրդներ: Այդ բոլոր վայրերում կարելի է գտնել հին քաղաքակրթությունների հետքեր» եւ շեշտել, որ իր ղեկավարած կառույցն ի սկզբանե դեմ չի եղել «Սիվանդի» ջրամբարի կառուցմանը:
Փասարգադը փրկելու փորձեր
Իրանական ու միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ճնշման ներքո Իրանի էներգետիկայի նախարարությունը մեկ տարով հետաձգել է ջրամբարի շահագործումը, որը նախատեսված էր իրականացնել 2005 թ. գարնանը: Ներկա դրությամբ վտանգված տարածքներում աշխատում են հնագետների իրանական, գերմանական, լեհական, իտալական, Ճապոնական ու ֆրանսիական խմբեր: Սակայն մեկ տարի ժամկետը բավարար չէ նրանց աշխատանքների համար: Հնագետների կարծիքով, ի հակադրություն Միջագետքի, որտեղ երկար տարիներ տեղի են ունեցել մանրազնին պեղումներ, եւ որոնց արդյունքում ի հայտ են բերվել բաբելոնական եւ ասորական քաղաքակրթությունների բազմաթիվ գաղտնիքներ, Մարվդաշտի եւ, մասնավորաբար, Մորղաբի տարածաշրջանների պեղումները խիստ սահմանափակ են եղել: Նշանակում է` այս տարածքները դեռեւս ամբողջովին չեն բացահայտել իրենց գաղտնիքները: Մասնագետները պնդում են, որ առնվազն հինգ տարի կպահանջվի, որպեսզի ցուցակագրվեն եւ տեղափոխվեն մինչ այժմ հայտնաբերված գտածոները:
Ներկա դրությամբ իրանցի ակտիվիստներից բացի հիշյալ տարածքների ճակատագրով մտահոգված է նաեւ միջազգային հանրությունը: Հետաքրքիր է, որ երկու տարի առաջ «ՅՈՒՆԵՍԿOՆ», բացարձակապես տեղյակ չլինելով Բոլաղի կիրճում տեղի ունեցողից, «Փասարգադը» գրանցել էր որպես համաշխարհային մշակութային ժառանգություն: «ՅՈՒՆԵՍԿOՆ» հույս էր հայտնել, որ «Փասարգադում» կվերականգնվեն Աքեմենյան կայսրության հիմնադիրների կառուցած պալատները, այգիներն ու տաճարները:
Այսօր հիշյալ տարածքների ճակատագրով մտահոգված է նաեւ «ՅՈՒՆԵՍԿOՆ», ինչը հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի գոնե մասնակիորեն փրկել մարդկային քաղաքակրթության այդ եզակի գանձերը: Մանավանդ որ, Իրանի մշակութային ժառանգության ու զբոսաշրջության կազմակերպության նորանշանակ ղեկավար Էսֆանդյար Րահիմ Մանեշը հայտարարել է, որ ջանք չի խնայելու երկրի մշակութային արժեքների փրկման համար: Միաժամանակ, խորհրդարանական հարցերով նրա տեղակալը հայտարարել է, թե եթե փորձագիտական հետաքննության արդյունքում պարզվի, որ ջրամբարի օգտագործումը կվնասի երկրի պատմա-մշակութային ժառանգությանը, ապա կազմակերպությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները կանխելու ջրամբարի շահագործումը:
Անկասկած, Աքեմենյանների թողած պատմա-մշակութային ժառանգությունը ողջ մարդկության հարստությունն է: Չմոռանանք, որ Աքեմենյան կայսրության հիմնադիր Մեծն Կյուրոսն էր, որ հրապարակեց մարդու իրավունքների առաջին հրովարտակը: Ուստի, նրա եւ նրա հետնորդների թողած ժառանգության պաշտպանությունը ողջ մարդկության պարտականությունն է: Անշուշտ, Աքեմենյանների կայսրության բնօրրանի ջրասուզումն ավելի մեծ աղետ կլինի, քան Աֆղանստանի Բամյան քաղաքի Բուդդայի զույգ արձանների կործանումը:
Մնում է հուսալ, որ Իրանի իշխանությունները, գիտակցելով կորստի մեծությունը, կկանխեն վերահաս աղետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել