Հայաստանի ծովափին
Մարինե Պետրոսյան
բանավոր վեպ
ՍԿՈԼԿՈ ԼԵՏ ՍԿՈԼԿՈ ԶԻՄ
սան ֆրանցիսկո քաղաքի
սլավիկ չիլոյան սրճարանում
կաթով սուրճ էի խմում
մեկ էլ սուրճի բաժակը ձեռքին
կողքիս հայտնվեց
մեր դասարանի ներսեսը։
սկոլկո լետ սկոլկո զիմ
ասեց
սովետի քանդվելոց հետո
իրար չենք տեսել
ոնց են գործերդ
որտեղ ես ապրում։
էլի նույն տեղը
բուն հայքում
ասեցի
իսկ գործերս
եթե աչքով չտաս
վերջերս լավ են
դրա համար էլ որոշել եմ
առանձնատուն առնեմ
խաղաղօվկիանոսյան հայքի
նահանգներից մեկում։
Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն։ Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են։ Ուզում եմ ասեմ պատահական չի որ հայկական վերջին հեղափոխությունն սկսվեց Բուն Հայքի Երեւան քաղաքում։ Իսկ որ ես էդ հեղափոխության, ոնց որ ասում են, ակունքներում եմ կանգած, երեւի պատահականություն ա։ Չնայած ո՞վ գիտի։ Բայց մտածմունքների մեջ ընկնելու փոխարեն ավելի լավ ա տեքստը կարդամ.
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
սեւ մաշված
նախանցած դարի պայուսակ էր
որ տեսա
գլուխս պտտվեց
հասկացա
ինչ կա մեջը
ու հասկացա որ
ինձ ա տալիս
որովհետեւ մեքենայում
մենակ ես էի
մեկ էլ ինքը
որ ժպտում էր
համարյա վրացական
ժպիտով։
ինչքա՞ն ժամանակ ունեմ
հարցրի։
կհասցնես
ասեց
մի վախենա
որ վախենաս
ամեն ինչ կիսատ կմնա։
հետո ես իջա
վերցնելով պայուսակը
սիմոն տեր պետրոսյանը
գնաց
ավտովթարից մեռնելու։
Էս պատմությունը տրամաբանորեն պետք ա Թիֆլիսում պատահած լիներ բայց իրականում պատահեց հյուսիսային Կալիֆորնիայի Վուդսայդ պուճուր քաղաքի մոտերքում։ Ու քանի որ էդ պուճուր քաղաքոմ, ոնց որ բացատրեց ինձ իմ կալիֆորնիացի բարեկամը, ապրում են մենակ շատ հարուստ մարդիկ, իսկ շատ հարուստ մարդկանց քաղաքում հեռափոխություն անելը անհույս գործ ա, ես որոշեցի իմ հեղափոխությունը տեղափոխել Հարավային Կովկաս, իսկ ավելի կոնկրետ իմ ծննդավայր Երեւան։
Կովկասի ու հեղափոխության մասին հա կարելի ա խոսել ու խոսել։ Թուրքիայից գալուց հետո ես հոդված գրեցի «Կովկասյան էլեմենտը անցած դարասկզբի ռուսական հեղափոխության մեջ» թեմայով։ Երեւի վերնագիրն էր պատճառը, էդ տեքստը չտպագրվեց ու կորավ, բայց բովանդակությունը պատմել կարող եմ.
ԿՈՎԿԱՍ
սենյակում
մի հատ գրասեղանից բացի
ուրիշ առարկա չկար
եթե չհաշվենք աթոռները
իմ ու իրա։
ցուրտ ա
իոսիֆ վիսարիոնովիչ
ասեցի։
կովկասից ես
դրա համար ա
քո համար ցուրտ
իբր թե կատակեց
ես միշտ ասել եմ
որ կովկասը
անցյալի մնացուկ ա։
ուզում էի հարց տամ
բայց թարսի պես
հենց էդ րոպեին
ներս մտավ օրջոնիկիձեն
ու ես
ստիպված դուրս էկա։
Որ էս հոդվածը գրվեց Թուրքիայից գալուց հետո հեչ պատահական չի։ Արդեն պատմել եմ որ Անատոլիայում լիքը արկածների հանդիպեցի, բայց ամենամեծ արկածն ինձ պատահեց Թուրքիայից գալուց հետո՝ ես հանկարծ հասկացա որ կարոտում եմ Սովետական Միությունը։ Էսօրվա պես պարզ հիշում եմ էդ օրվա շոգը, մատուցողի հագի մայկան...
շարունակությունը՝ «Ինքնագիր» հանդեսի գալիք անդրանիկ համարում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել