HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ծովափին

Մարինե Պետրոսյան

բանավոր վեպ

 Սկիզբը՝ Հայաստանի ծովափին 

ԴՐՈՇԱԿ 

գնացի

 երկրորդ անգամ հասա վան

 տեսա բերդի վրա

 անհասկանալի

 մի հատ դրոշակ էր ծածանվում։

 

 թուրքականը չէր

 հայկականը չէր

 ամերիկյանը որ չէր ու չէր։

 

 մի րոպե մտքովս անցավ որ

 քրդականն ա

 բայց հետո տեսա

 կողքիս կանգնած մի խումբ քրդերի

 շվարած հայացքը

 ու հասկացա որ

 մենուայի կատակներն են

Էս տեքստում պուճուր անճշտություն կա, իրականում ես Վանում ընդամենը մի անգամ եմ էղել, 2 օրով։ Հետո գնացինք Դատվան ու ճանապարհին մտանք Աղթամար։ Հենց Աղթամարում էլ հանկարծ հիշեցի ուրարտացիների մասին, որովհետեւ շուրջս նույն խաղաղ կապույտն էր ու աչքերիս առաջ նույն պարզ նախադասությունը՝ անհասկանալի լեզվով գրած։ Եւ շատ անպասելի հանկարծ հասկացա, որ էդ լեզուն մի ժամանակ իմն էր բայց ես մոռացել եմ։ 

Հենց էդ օրն էլ, Դատվանի հյուրանոցում, գրեցի էս տեքստը որ կոչվում ա 

ՀՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ 

հայերի մի մասը

 գրում ա ՀՈՒՅՍ

 մյուս մասը գրում ա

 ՅՈՅՍ

ու բոլորը

 հայհոյում են իրար

 մանուկ աբեղյանին ու

 բոլշեւիկներին։

 

բայց աբեղյան մանուկը

 բոլշեւիկ չէր

 ընդհակառակը։

 

ինքն ուղղակի

 էնքան էլ համառ մարդ չէր

 քամին էլ հակառակ էր փչում

 ու իրա ծրագիրը

 կիսատ մնաց։

 

իրա ծրագիրը

 ուրարտերենին

 վերադառնալն էր 

Էս տեքստերը որ քեզ կարդում եմ մի հատ մեծ վեպի հատվածներն են, ու էդ վեպը կոչվում ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ։ Եւ չնայած ծովը, ավելի ճիշտ օվկիանոսը, էս պահին պատուհանիցս չի էրեւում, մառախուղի տակ ա ու սենց շաբաթներ շարունակ կարող ա մառախուղի տակ էլ մնա քանի որ ես հյուսիսային Կալիֆորնիայում եմ ոչ թե հարավային, մեկ ա ես գիտեմ որ օվկիանոսի ափին եմ որովհետեւ մոտեցել տեսել եմ. ջուրը սառն ա ու իսկական։ 

Ես միշտ սիրել եմ ծովը ու շատ լավ գիտեմ թե ինչի։ Ծովը անհնարինի ներկայությունն ա ամեն օրվա մեջ։ Երեւի դրա համար էլ վաղ մանկությունից սկսած տարբեր ժամանակների տեքստեր եմ հավաքում ծովից ծով Հայաստանի մասին։ Քեզ համար կկարդամ դրանցից երկուսը։ Առաջինը կոչվում ա 

ԵՐԵՔ ՑՈՒՆԱՄԻ 

էն հեռավոր ժամանակը

 երբ որ հայերի աչքերը

 կապույտ էին

 առաջին ցունամիից

 առաջ էր

 հայաստանը տարածվում էր

 ատյանտյան օվկիանոսից

 մինչեւ աղվանք

 իսկ եղիշե սողոմոնյանը

 դեռ չէր ծնվել։

 

եղիշը հասցրեց ծնվել

 ուշ

էն ժամանակ

 երբ որ առաջին ցունամին

 արդեն անցել էր

 հայաստանի վրայով

 դրա համար էլ ինքը

 մեծացավ ռուսաստանի

 կարս քաղաքում

 մահացավ երկրորդ

 ցունամիից

 թաղվեց եղբայրական

 գերեզմանոցում

 ու իրանից մնաց

 անտաշ քարով սարքած տունը

 թուրքական հանրապետության

 կարս քաղաքում։

 

երրորդ ցունամիի հաջորդ օրը

 ես գրիպով պառկած էի

 հեռուստացույցս էլ միացած էր

 CNN-ը ասեց

 երկրի առանցքը

 ոնց որ թե փոխվել ա

 մի տասը տարուց

 կարող ա գլոբալ

 ջրհեղեղ լինի

 ջրերը կբարձրանան

 ու էդ ժամանակ

 հայաստանը նորից կտարածվի

 խաղաղ օվկիանոսից

 մինչեւ ադրբեջանի

 հանրապետություն

Չարենցի ներկայությունն էս տեքստի մեջ շատ հետաքրքիր ա։ Ինքն ընդհանրապես ցամաքային բանաստեղծ ա, անատոլիական՝ կասեր իմ թուրք բարեկամը, բայց մեկ ա առանց իրա տեքստը բանի նման չէր լինի։ Հաջորդ տեքստը որ ուզում եմ կարդամ գրել եմ երեկ չէ առաջի օրը։ Կոչվում ա 

ՍԿՈԼԿՈ ԼԵՏ ՍԿՈԼԿՈ ԶԻՄ 

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter